Երևանում քաղաքացին «Հայփոստի» մասնաճյուղից հափշտակել է զինվորների համար հանգանակության արկղը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

․

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ից 05։30-ն ընկած ժամնահատվածում անհայտ անձը Էրեբունի վարչական շրջանում Աթոյան փողոցում գործող «Հայփոստի» մասնաճյուղի պատուհանը բացել, մտել է ներս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքը այնտեղից հափշտակել է զինվորների համար նախատեսված հանգանակությունների արկղը, որում եղել է գումար, ապա դիմել փախուստի։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, հանցագործությունը կատարած ճիվաղի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Հայփոստ»-ում նմանատիպ գողությունները հաճախակի են դարձել։ Սակայն, չգիտես ինչու՝ «Հայփոստը» հետևություններ չի անում, որն այնքան աղքատ հիմնարկ չէ, ու իրենց մասնաճյուղերի պատուհաններին չեն տեղադրում ճաղավանդակներ։

--00--ԱՀ