Ապօրինի ուղևորափոխադրումներ անող ՍՊԸ-ի աշխատակիցները կաշառք են տվել ոստիկանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

1652036718.jpg

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ուղևորափոխադրումներով զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից մի շարք վարորդների միջոցով Արմավիր քաղաքից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ տարբեր ավտոմեքենաներով առանց հատուկ թույլտվության կազմակերպվել և իրականացվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ապօրինի գործունեությունն Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքում համակարգել են կարգավարի գործառույթներ իրականացնող Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն, որոնք մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակային ծառայության պետի տեղակալ Ա. Ս.-ի հետ: Վերջինս, տեղեկանալով առանց հատուկ թույլտվության վերոհիշյալ գործունեության մասին, Ս. Հ.-ի և Գ. Ե.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` առերևույթ վարչական իրավախախտումը չկանխելու և չբացահայտելու համար, նրանցից պահանջել է կաշառք: Արդյունքում Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն 2021թ. դեկտեմբերից 2022թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում վարորդներից հավաքել և Ա. Ս.-ի պահանջով վերջինիս տվել են ընդհանուր 220.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը վճարային տերմինալների միջոցով տարբեր օրերի փոխանցել են Ա. Ս.-ի էլեկտրոնային դրամապանակին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 311-րդ հոդվածի 2-րդ մասով, Ս. Հ.-ին և Գ. Ե.-ին` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-րդ մասով:

03.11.2022թ.-ին Ա. Ս.-ն, Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

04.11.2022թ.-ին Ա. Ս.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 --00—ԶՀ