Աղավնոյի բնակիչները չեն ցանկանում լքել գյուղը, տներն արգելել են այրել. գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

1

Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը գյուղացիներին ասել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է Աղավնոյից հեռանանք, և նշել, որ չպետք է տները այրեն, թե ինչ պատճառով, չեմ կարող ասել, սակայն բնակիչները չեն հաշտվում իրենց տները լքելու մտքի հետ, բայց ի՞նչ կարող են անել, գյուղացին, առանց պետության աջակցության, անզոր է: Այս մասին 24News-ին ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը: 

«Գյուղացիների մի մասը հույս ունի, որ որոշումը կփոխվի, մյուս մասն էլ արդեն պատրաստվում է դատարկել տարածքը: Խոստացել են, որ բնակիչներին սերտիֆիկատ են տալու, որտեղ ցանկանան, գնան, այնտեղ բնակվեն, բայց դեռ որևէ հստակեցում չկա, պետք է ցուցակագրենք բնակիչներին և հասկանանք, ով որտեղ է գնալու: Աղավնոյում մոտ 200 բնակիչ կա»,-ասաց Աղավնոյի գյուղապետը:

Ըստ նրա՝ տարածքը լքելու մասին իմացել են երեք օր առաջ՝ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ:

«Ավագանու անդամներով հանդիպել ենք նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ասաց, որ իրավիճակը լուրջ է. Ադրբեջանից նամակ ենք ստացել, որ պետք է միջանցքը ազատենք, պայմանավորվածություն կար, որ ճանապարհը կառուցեիք, չեք կառուցել, մենք մեր ճանապարհը կառուցել ենք, դո՛ւրս եկեք, մնացածը ձեր խնդիրն է»:

Հարցին, թե Արայիկ Հարությունյանը նշում էր, որ Աղավնոյի համար պետք է պայքարենք, ինչո՞ւ այսքան արագ որոշում կայացվեց, որ ազատեք գյուղը, Անդրանիկ Չաուշյանը նշեց. «Ինչպե՞ս կարող է գյուղացին միայնակ պայքարել, երբ բանակը լուծարել են: Եթե ճանապարհները փակեն, արցախցին ի՞նչ է անելու: ՀՀ իշխանությունից օգնություն չկա, հստակ ծրագիր է՝ հայերին ստրկացնել: Այս ամենի համար Արայիկ Հարությունյանն էլ պատասխանատու է, բայց Նիկոլ Փաշինյանն է բանակցողը, իսկ նա մինչև հիմա ինչ ասել է, հակառակն է արել: Այս ամենը միայն Աղաղնոյի ու Բերձորի խնդիրը չէ, Արցախի և Սյունիքի խնդիրն է»:

Հերմինե Միքայելյան