ԿԸՀ-ն դեռևս դիտարկում է Բելառուսի սահմանադրական հանրաքվեի դիտորդական առաքելությանը մասնակցելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Քաղաքական

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավեր ստացել է դիտորդական առաքելություն իրականացնելու Բելառուսի Հանրապետությունում կայանալիք սահմանադրական հանրաքվեին։ Այս մասին 24News-ին հայտնեց ԿԸՀ նախագահի խորհրդական Լուիզա Ավետիսյանը։ 

«Հրավեր ստացել ենք, սակայն այն դեռ դիտարկմամ փուլում է։ Այս պահի դրությամբ չեմ կարող ասել՝ դիտորդ կգնա, թե ոչ։ Որպես այդպիսին դեռևս պատասխան չկա ԿԸՀ-ից», - ասաց Ավետիսյանը։

«Այո, հրավեր ստացվել է ԱՊՀ դիտորդական առաքելության մաս կազմելու», - փետրվարի 2-ին 24News-ին հայտնել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Փետրվարի 1-ին Բելառուսի ընտրությունների և հանրապետական հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն ասել էր, որ ԱՊՀ անդամ պետությունները հրավերներ են ստացել մասնակցելու Բելառուսում փետրվարի 27-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի մոնիթորինգին։ «ԿԸՀ-ն հրավերներ է ուղարկել Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղըրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ԿԸՀ-ի ներկայացուցիչներին։ Այսինքն՝ ԱՊՀ երկրներին»,- Կարպենկոյի խոսքերն էր մեջբերել բելառուսական «ԲելՏԱ» լրատվական գործակալությունը։

--00--ԿԿ