Ադրբեջանը Բրյուսելի հանդիպումից հետո 10 ռազմագերի վերադարձրեց՝ փորձելով ցույց տալ Արևմուտքի դերը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News

Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը Հայաստանի հետ գործընթացն այս փուլում ԵՄ հարթություն տանելու իր շահագրգռվածությունն ուներ և այս հանգրվանում կանգառ ապահովելը լրիվ այլ տրամաբանության մեջ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Խնդիրը ոչ թե ռեգիոնալ ապաշրջափակման կամ դրա շրջանակներում նոր երկաթգծի մասին հայտարարելն էր, այլ Եվրոպայում իր իմիջային հարցեր լուծելն էր։

Մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցում կայուն անկում գրանցող Ադրբեջանը Բրյուսելում կայացած հանդիպումից հետո 10 ռազմագերի վերադարձրեց՝ փորձելով ցույց տալ Արևմուտքի դերակատարությունը Հայաստանի հետ տարվող գործընթացներում։ Ակնկալիքը եվրոպական կառույցներից՝ աչք փակել կամ մեղմել իրենց մոտեցումներն Ադրբեջանում տեղի ունեցող ավտորիտար գործընթացների վերաբերյալ։

Նույն կերպ հայ ռազմագերի թեման Ադրբեջանն օգտագործում է այլ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերություններում, որի գլխավոր նպատակը Ադրբեջանի նոր դիրքն ու կարգավիճակը ֆիքսելն է։

Հ.Գ. Հայրենիք վերադարձող ռազմագերիների համար մղձավանջի երկրորդ փուլն է սկսում, որը կապված է նրանց նկատմամբ իշխանության հայտարարած համատարած քրեական գործերի հետ»,- գրել է Աբրահամյանը։

--00--ՀԱ