Երևանում մեկ ամսվա ընթացքում 315 հետիոտնի են տուգանել՝ փողոցը չնախատեսված մասով հատելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Պարեկային ծառայության Երևանի գնդի աշխատակիցները շարունակում են շուրջօրյա ծառայությունը մայրաքաղաքում. հիմնական նպատակներն են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն ու հասարակական կարգի պահպանությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հանրությանը պարբերաբար տեղեկացվում է վարորդների կողմից թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ վիճակագրություն։ Բայց երթևեկության մասնակիցներ են ոչ միայն վարորդները, այլև հետիոտները։ Երթևեկության ընթացքում հետիոտները նույնպես պետք է պահպանեն կանոնները։ Փողոցը պետք է անցնել հետիոտնային անցումներով, գետնանցումներով ու վերգետնյա անցումներով։ Այս ուղղությամբ նույնպես պարեկներն իրականացնում են համապատասխան ծառայություն։ Փողոցը չթույլատրված վայրով անցնողները զգուշացվում են, որոշ դեպքերում՝ տուգանվում։

Միայն մեկ ամսում, հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 12-ը, Երևանում կազմվել է հետիոտնի կողմից երթևեկելի մասերի հատման կանոնների խախտման 315 արձանագրություն։

Ոստիկանությունը հորդորում է. «Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ՝ վարորդներ, ուղևորներ ու հետիոտներ, ձեր իսկ անվտանգությունից ելնելով՝ պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է»։

--00--ԱԹ