Օտարերկրացու տնից փող ու գուլպա գողացած 32 և 37 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15,  24News

Սեպտեմբերի 14-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։ 

Ոստիկանություն ահազանգած օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 13.00-ից 18.20-ն ընկած ժամանակահատվածում տան դուռը բացել և փող ու գուլպա են գողացել։ Դեպքի վայր՝ Մոլդովական փողոցի շենքերից մեկը մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ բնակարանի դուռը բացել են հարմարեցված բանալիով։ Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների։ Ոստիկաններն, այսպես ասած, սանրեցին տարածքը։ Տվյալներ ունեին, որ բնակարան մտած անձը կամ անձինք դեռ Նոր Նորքում են։

Հարակից բակերում իրականացված որոնողական աշխատանքի շնորհիվ նրանք հայտնաբերեցին Երևանի տարբեր թաղամասերում բնակվող 32 և 37 տարեկան երկու տղամարդու։ Տղամարդիկ կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Ավանի բաժանմունք ու խուզարկվեցին։

37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին օտարերկրացու բնակարանից գողացած փողն ու գուլպաները, ինչպես և դանակ, բանալի, դուռ բացելու հարմարանքներ և այլն։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ներկայացվել են քննչական բաժին ու ձերբակալվել։ Բնակարանային գողության հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

--00—ՄՀ  

Տեսանյութեր

Live

Լրահոս