Ստեփանավանի քաղաքապետարանի մոտ ավտովթարից հետո ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 7,  24News

Ստեփանավան

Երեկ՝ օգոստոսի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։00-ի սահմաններում Ստեփանավանի քաղաքապետարանի մոտ բախվել են Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, ինչից հետո վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ 

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը օպերատիվ տվյալներ է ստացել, որ նշված վթարից հետո վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Սերժիկ Գրիգորյանը, ում բնակության վայրն ու ծննդյան տարեթիվը ճշտվում է, դանակով հարվածել է 24-ամյա Վահան Միրզոյանին, և ծեծկռտուքի արդյունքում վնասվածքներ է ստացել նաև ներկա գտնվողներից 22-ամյա Վահան Մեսրոպյանը։

Ստեփանավանի դատախազի հանձնարարականով՝ փաստի առթիվ նախաքննություն է սկսվել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում։ 

Կայքի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Opel-ը, որը բախվել է կայանված Mercedes-ին։

--00--ԱԹ