Հայաստանի ապագա կառավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Սահմանադրական դատարանն ամենայն հավանականությամբ շաբաթ օրը ուժի մեջ կթողնի ընտրությունների արդյունքները՝ չնայած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, ինչպես նաև «Զարթոնք» ու «Հայոց Հայրենիք» կուսակցությունների ներկայացրած դիմումներին ու հիմնավորումներին։

Դրանից անմիջապես հետո նախագահ Արմեն Սարգսյանը մանդատների բաժանումից հետո օրենքի ուժով Նիկոլ Փաշինյանին կնշանակի վարչապետ, որի արդյունքում էլ նա կկարողանա ձևավորել իր նոր կառավարությունը։ Եվ այսպես, 24News-ն ամփոփում է հավանական նշանակումները, որոնք տեղի են ունենալու Փաշինյանի՝ պաշտոնը ստանձնելուց  հետ։ 

Ինչպես և արդեն նշվել էր, փոխվարչապետներից Մհեր Գրիգորյանը կշարունակի պաշտոնավարել՝ ղեկավարելով Հայաստանի հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության հետ։ Վերջին ուղղությունը Փաշինյանի կառավարության համար հատկապես կարևոր է ԵՄ-ի՝ Հայաստանին հինգ տարում 2.6 մլրդ դոլար հատկացնելու խոստման ֆոնին։ 

Երկրորդ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին և որևիցե ֆորմատով ներկայացված չի լինի գործադիրում։ Նա, ամենայն հավանականությամբ, կպատրաստվի Երևանի քաղաքապետական նոր ընտրություններին, եթե, իհարկե, ներիշխանական պայքարում կարողանա հաղթել մեկ այլ հավանական թեկնածուի՝ գործարար Խաչատուր Սուքիասյանին, որը կարծես թե նույնպես ունի մայրաքաղաքը կառավարելու ցանկություն։ Ավինյանի փոխարեն փոխվարչապետ կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ում կշնորհվի մարզպետներին ղեկավարելու իրավունքը։ 

Պապիկյանին նախարարությունում փոխարինողի անունը նույնպես հայտնի է՝ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյան։ Նրա պաշտոնն էլ, ամենայն հավանականությամբ, կտրվի Գեղարքունիքի մարզպետ, կրկին ՔՊ-ական Գնել Սանոսյանին։ 

Առանցքայիններից արտաքին գործերի նախարարի պաշտոնում կնշանակվի արդեն ԱԳՆ առաջին տեղակալ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ինչպես իր ճեպազրույցներից մեկում նշեց դեռևս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Գրիգորյանի քաղաքական նշանակումն անհհրաժեշտ էր՝ ԱԳՆ-ի և քաղաքական իշխանության միջև ծագած որոշակի խնդիրները վերջնականապես հաղթահարելու համար։ Ի դեպ, Արմեն Գրիգորյանը իննսունականներից հետո առաջին ոչ կադրային դիվանագետ նախարարն է մեր արտաքին քաղաքական գերատեսչությունում։ 

Ամենայն հավանականությամբ, իր պաշտոնը կպահպանի Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Ռազմական գերատեսչության ղեկավարի աթոռին հավակնող Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ինչպես արդեն նշել էինք, կնշանակվի ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության ղեկավար՝ այս կերպ անմիջականորեն հնարավորություն ունենալով մաս կազմել զորքերի կառավարմանը։ 

ՊՆ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը նույնպես կարող է հերթական անգամ պաշտոնանկ արվել։ Իբրև հավանական թեկնածու է նշվում ՊՆ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի անունը, ով Փաշինյանի վստահությունը շահեց՝ լինելով միակ զինվորականը, որը ցուցմունք էր տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայտնի «Մարտի մեկի» գործով։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ