Վահագն Չախալյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Իրավական

Կառավարության շենքը զավթելու փորձի մեջ մեղադրվող Վահագն Չախալյանը չի կալանավորվի։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ մերժեց «Զարթոնք» կուսակցության պատգամավորի թեկնածու, «Կամք», «Միասնական Ջավախք» ՀԿ նախագահ, պատերազմի մասնակից Վահագն Չախալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց փաստաբան Միքայել Շխիմյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացված ակցիան իրավապահները դիտարկել են որպես կառավարության շենքը զավթելուն ուղղված գործողություններ, որի շրջանակներում 21 անձ բերման էր ենթարկվել, որոնցից հինգ անձ՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը, ձերբակալվել։

Վարույթ իրականացնող մարմինը նրանց մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք մերժվել են՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, իսկ փաստաբանների բողոքը բավարարվել՝ ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին։

Դատախազությունը վերաքննիչ բողոքներ է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել սույն որոշումները և կալանավորել վերջիններիս։ Ներկայացված բողոքներից երկուսը՝ Վահագն Չախալյանի և Տիգրան Չոբանյանի վերաբերյալ, մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին, որը մասնակի բավարարել է դատախազության բողոքները՝ գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։