Եթե Ադրբեջանը վերադարձնի գերիներին, որոշ հայեր թեկուզ դժվարությամբ կգնահատեն դա․ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

նկար

Հայաստանի նախագահը «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի առցանց հանդիպմանը, հանդես գալով որպես հիմնական բանախոս, անդրադարձել է Ադրբեջանի՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց չվերադարձնելու խնդրին:

Հրադադարից հետո հարյուրավոր հայ ռազմագերիներ դեռ Ադրբեջանում են: Հայկական կողմը բոլորին վերադարձրել է, իսկ Ադրբեջանը դա չի արել: Պատերազմից հետո դեպի ապագա նայելու համար պետք էր մտածել կայունության և հարևանների հետ վստահության մթնոլորտ ձևավորելու մասին, սակայն, ըստ նախագահի, չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ սպասում են իրենց երեխաների վերադարձին:

Պատասխանելով մոդերատորի հարցին, թե որքանով է դժվար երկրի կամ ժողովրդի համար սիրել հարևանին, եթե կա պատերազմ, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Սիրել չի նշանակում, որ կարող ես վաղն անմիջապես անցնել հարաբերությունների կարգավորմանը: Սակայն դա այն ճանապարհն է, որով պետք է սկսես անցնել այսօր: Հայերն ու թուրքերը չեն կարող փորձել միասին ևս 100 կամ 200 տարի ապրել առանց գիտակցելու, որ պետք է առնվազն հարգել միմյանց իրավունքները: Իսկ թե միմյանց հանդեպ հարգանքը կարելի՞ է սեր անվանել, դուք որոշեք: Սակայն կարևոր է միմյանց իրավունքները հարգելը: Եթե այսօր Ադրբեջանը վերադարձնի ռազմագերիներին, վստահեցնում եմ, որոշ հայեր ինչ-որ կերպ, թեկուզ դժվարությամբ, կգնահատեն դա»:

--00—ԼՄ