«Միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանը չի քննարկել և չի քննարկելու. Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

․

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը՝ մասնավորապես անդրադառնալով ենթակառուցվածքների ոլորտում հնարավոր համագործակցության ընդլայնմանը:

ԻԻՀ նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է փոխվարչապետի պաշտոնակատարին Հայաստան այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները և նշել, որ Իրանը մշտապես պատրաստ է աջակից լինելու Հայաստանին:

Զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման համար առկա նախադրյալները, այդ թվում՝ խոսել ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության համար առկա մեծ ներուժի մասին:

Կողմերը քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացմանը, ազատ տնտեսական գոտիների գործարկմանը և ճանապարհաշինության ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս շրջանակներում փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում առկա առաջնայնություններից է:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքների մասին, կրկին ընդգծել է, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու: 

--00--ԱՀ