Ժողովրդին օրինակ ծառայող իշխանությունն առաջինն է խախտում իր իսկ ընդունած որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News 

քաղաքական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արդարանում է՝ բացօթյա սրճարանում դիմակ չի կրում, որովհետև, ըստ իր իսկ ընդունած որոշման, հասարակական սննդի օբյեկտներում՝ անկախ հանգամանքից այն բացօթյա է, թե՝ ոչ, դիմակ կրելը պարտադիր է:

Փոխվարչապետի մասնակցությամբ տեսանյութը լայն տարածում է ստացել, հարցերը շատ են, ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները՝ տարակուսած, թե ինչպե՞ս է ստացվում, որ ցուցում տվող պաշտոնյան առաջինն է խախտում կանոնը: Կառավարության և պարետատան ցուցում-որոշումներից, անկեղծ ասած, գլուխ հանելը մի քիչ բարդ է: Այժմ, երբ դիմակ կրելն ամենուր պարտադիր է՝ բացառությամբ հեծանիվ քշողների կամ բացօթյա տարածքում մարզվողների, Ավինյանը սրճարան է գնում առանց դիմակի։ 

Իհարկե, յուրաքանչյուր որոշման մեջ էլ կարելի է մանևրելու հնարավորություն տվող դրույթ գտնել, բաց կոնկրետ այս դեպքում փոխվարչապետի արդարացումն անտեղին էր. նրա դիմաց ո՛չ սուրճի բաժակ կար, ո՛չ էլ՝ ջրի:

Եթե անգամ ենթադրենք, թե Ավինյանի ասածը տրամաբանությունից դուրս չէ, ապա դա ենթադրում է, որ մի քանի ընկերներ կարող են, օրինակ, առանց դիմակի  հավաքվել որևէ այգում: Ի՞նչ տարբերություն՝ բացօթյա սրճարանում ես նստած, թե՞ փողոցի նստարանին կամ այգում: 
Տիգրան Ավինյանի մասնակցությամբ տեսանյութը գուցե այդքան էլ մեծ արձագանք չստանար, եթե նա մարդկայնորեն բացատրեր, որ, օրինակ, թթվածնային քաղց էր սկսվել իր մոտ, դրա համար էլ մի պահ հանել է դիմակը: Ցավալին այն է, որ իշխանությունը մինչ օրս, փաստորեն, չի հասկացել՝ իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն, քաղաքացուն առաջին օրինակ ծառայողն ու հասարակական տրամադրություն ստեղծողը նախևառաջ ինքն է:

Հանրապետության պարետը, որ ամենօրյա ու ամենժամյա ռեժիմով որոշումներ է ընդունում, բոլորովին վատ չի զգում, որ պատահական անցորդը կարող է մոտենալ ու նկատողություն անել իրեն՝ իր իսկ ընդունած որոշումն անտեսելու համար: Կրկնում եմ՝ հարցն այստեղ այն չէ, թե ինչքանով է Ավինյանի արդարացումը տրամաբանական կամ ոչ : Խնդիրը բարոյական հարթության մեջ է: Հստակ իմանալով, որ հասարակական վայրեր այցելելով՝ ուշադրության կենտրոնում ես հայտնվելու, չես մտածում այնպես անել, որ հանկարծ տհաճ միջադեպի կենտրոնում չհայտնվես: Եվ երբ իշխանությունը շրջանառում է «կրիր դիմակ, փրկիր կանքեր» կարգախոսը, ապա դրա կիրարկումն, առաջին հերթին,  իրենցից պետք է սկսի, ու ոչ թե հնարավոր բոլոր ձևերով արդարացնի սայթաքումներն ու հպարտ համառությամբ շարունակի պնդել, թե՝ ոչ մի տեղ ու երբևէ չի վիրպել: 

Վրույր Սևակ

--0--ԿԿ