Ադրբեջանական կողմը դիրքավորված է Կապանի ճանապարհահատվածի ցուցանակի դիմաց. Կապանի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

․

Կապանում վիճակը լարված է. ադրբեջանցիները դիրքավորվել են Կապան տանող ճանապարհին իրենց իսկ տեղադրած ցուցանակի մոտ։

«Եթե հիշում եք՝ ադրբեջանական կողմը վերջերս ցուցանակ էր տեղադրել դեպի Կապան տանող ճանապարհահատվածի վրա: Երեկ տեղի ունեցած միջադեպի ընթացքում մերոնցից կրակեցին այդ ցուցանակի վրա: Երեկոյան իրենց ցուցանակը փոխել են ու նորը տեղադրել, իսկ արդեն այսօր դիրքավորվել ցուցանակի դիմաց» , – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ նշելով, որ ռուսական կողմը փորձել է թույլ չտալ ադրբեջանցիներին դիրքավորվել, բայց նրանք, այդուհանդերձ, դիրքավորվել են։

Անդրադառնալով այսօր տարածված այն տեղեկություններին, թե ադրբեջանական կողմը փակել է դեպի Կապան քաղաք տանող ճանապարհը «ԲՏՌ»–ով՝ քաղաքապետը պարզաբանեց, որ դա իրականում ռուսական կողմի նախաձեռնությունն է: «Նրանք են փակել ճանապարհը, որպեսզի ադրբեջանական կողմին թույլ չտան դիրքավորում կատարել տվյալ հատվածում: Արդյունքում ստացվեց, որ հիմա, ներկա պահին ադրբեջանական կողմը դիրքավորված է Կապանի ճանապարհահատվածի ցուցանակի դիմաց, բայց ռուսները նոր վերակարգ են տեղադրել՝ հենց ազերիների դիմաց»,- ասել է Գևորգ Փարսյանը:

Հարցին՝ ինչպիսի՞ իրավիճակ է այս պահին ճանապարհահատվածի տվյալ տարածքում, արդյո՞ք բախումներ կամ լարում չկա, Կապանի քաղաքապետը հավաստիացրել է, որ բախումներ չկան:

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները երեկ իրենց դիրքերը առաջ են բերել Ներքին Խնձորեսկի ուղղությամբ ու մոտենում են գյուղին։

--00--ԱՀ