ՍԱՏՄ խախտումներ է հայտնաբերել Լոռիում, Տավուշում և Երևանի Դավթաշեն վարչական շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News    

պարետ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր շարունակել են մշտադիտարկումները հանրապետությունում գործող սննդի շղթայի օպերատոր հանդիսացող տնտեսավարողների մոտ:

Երեկ երեկոյան ուժեղացված ստուգայցերի թիրախում են եղել Լոռու և Տավուշի մարզերի, իսկ այսօր առավոտյան՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի հանրային սննդի և իրացման ցանցի կազմակերպությունները:

Երեկոյան կատարված անակնկալ այցերը մարզային հասարակական սննդի օբյեկտներ ցույց են տվել, որ պարետի որոշումներով սահմանված նորմերը պահպանվում են ոչ լիարժեքորեն. խախտվել են թե դիմակները պատշաճորեն կրելու, թե ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ ունենալու, թե ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները:

Դրանց մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Առավոտյան Դավթաշենի խանութներում արված շրջայցը փաստել է, որ այստեղ ավելի լավ են պահպանվում պահանջվող սանիտարահիգիենիկ նորմերը:

ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը արտադրություններում, հանրային սննդի օբեկտներում և իրացման ցանցում անցկացվող մշտադիտարկումները շարունակական են: --0—ՄՀ