Սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի․ ՍԱՏՄ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News  

հանդիպում

Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում, որտեղ քննարկվել են կենդանիների մորթը բացառապես սպանդանոցում իրականացնելու և միս-մսեղիքը իրացման ցանց հասցնելու կազմակերպչական խնդիրները։ Հանդիպմանը մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ինչպես նաև մարզի սպանդանոցների ու մսավաճառների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Սպանդանոցների աշխատանքն ու մատուցվող ծառայությունների մասին խոսել է սպանդանոցի սեփականատեր Սերգեյ Ներկարարյանը։ Նա ներկայացրել է ծառայությունների մատուցման գները, դրանց ձևավորման տրամաբանությունը, պարզաբանել է իրենց աշխատանքի նրբությունները՝ արտադրողների և իրացման ցանցի հետ փոխհարաբերությունների ու համագործակցության տիրույթում։ Տեղեկացրել է նաև, որ մոտ ապագայում սպանդանոցին կից կլինի նաև մսի և ենթամթերքի մշակման արտադրամաս։

«Ոլորտը կանոնակարգվում է, սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի», ասել է Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը,- «մեր մասնակցությունն այս հանդիպմանը նպատակ ունի վեր հանել առաջացած խնդիրներն ու նպաստել արտադրող-սպանդանոց-իրացում կառուցվածքի բարեհաջող կայացմանը։ Սա գործընթաց է, որը մենք փորձում ենք անցնել հնարավորինս սահուն ու անցնցում»։ 

Մարզպետ Հայկ Չոբանյանը խոսել է նոր ոլորտի կայցմանը նպաստելու անհրաժեշտության մասին։ «Ոլորտը կայանալու է շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ։ Երկիրը պիտի զարգանա, գյուղացին միս վաճառելու խնդիր չպետք է ունենա, իսկ սպանդանոցները, ի վերջո, դառնալու են միս մթերող, իրացման ցանցին որակյալ և անվտանգ միս մատակարարող կազմակերպություններ»։ 

Մսավաճառները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ կապված բնակչության նախասիրություններին հարմար միս վաճառելու, հարկային դաշտում առաջացող անհասկանալի հարցերի և այլ խնդիրների հետ։ Սպանդանոցների ներկայացուցիչները վստահեցրել են, որ պատրաստ են իրացման համար մատուցելու ցանկացած տեսակի որակյալ միս, որի անվտանգությանը կլինի երաշխավորված։ Տնտեսվարողների այս երկու սեգմենտների միջև համագործակցությունը խնդրի լուծման բանալին է։

Հիշեցում․ 2020թ․ հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Որպես վերահսկող մարմին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իր լիազորությունների շրջանակում, օգտագործում է առկա ողջ գործիքակազմը այդ պահանջի կատարումն ապահովելու համար։ 

--00—ՄՀ