Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ծառայությունը և ապահովում պարետի որոշման կատարումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու պարետի որոշման կատարումը։
Ոստիկանության ծառայողները, համագործակցելով առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների հետ, այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին։
Ինքնամեկուսացման կանոնների խախտումների դեպքում կազմվում են վարչական իրավախախտման արձանագրություններ։
Հսկողություն է իրականացվում հասարակական տրանսպորտում։ Ավտոբուսներում և միկրոավտոբուսներում չպետք է լինեն նախատեսվածից ավելի ուղևորներ, վարորդները պետք է լինեն դիմակով, ձեռնոցով, ունենան պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներ:
Ուղևորները նույնպես պարտադիր պետք է կրեն դիմակ ու ձեռնոցներ, տրանսպորտային միջոց նստելիս ախտահանեն ձեռքերը ավտոբուսի կամ միկրոավտոբուսի մուտքի մոտ տեղադրված ախտահանիչ նյութերով։
Տաքսիներում նույնպես վարորդները պետք է լինեն դիմակով ու ձեռնոցներով, թույլ չի տրվում փոխադրել ուղևորների, որոնք առանց պաշտպանիչ միջոցների են, արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:
Ոստիկանները հայտնաբերում են նշված կանոնները խախտած անձանց, իջեցնում տրանսպորտային միջոցներից և կազմում արձանագրություն։
Ոստիկանները արտակարգ ծառայություն են իրականացնում նաև կանգառներում ու մարդաշատ վայրերում, հսկողություն են իրականացնում, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորություն և ունենան դիմակներ։
Հիշեցնենք նաև, որ հոգեհանգստյան և թաղման արարողություններին սրահում արգելվում է 5-ից ավելի անձանց ներկայությունը։
Պարետի բոլոր որոշումները կարող եք տեսնել gov.am կայքի «Պարետի որոշումներ» բաժնում։
Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները, դրանք խախտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։