Ճամփորդություններից առաջ առաջնահերթ ուշադրություն դարձնել ճամփորդական փաստաթղթերին

02/07/2025 17:39 Ներքին կյանք

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը զգուշացնում է, որ պետք է ճամփորդություններից առաջ առաջնահերթ ուշադրություն դարձնել ճամփորդական փաստաթղթերին։«Հորդորում ենք ծանոթանալ այն երկրի սահմանահատման կարգավորումներին, ուր պատրաստվում եք մեկնել։

Մասնավորապես, ճշտե՛ք անձնագրի վավերականության ժամկետին առաջադրվող պահանջը։ Այն տարբեր է՝ կախված ուղղությունից, երբեմն՝ քաղաքացիությունից»,- նշված է Միգրացիայի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Բազմաթիվ հայտնի զբոսաշրջային ուղղություններով գործում է անձնագրի վավերականության 6-ամսյա կանոնը․ անձնագիրը պետք է վավեր լինի ևս վեց ամիս՝ հաշվված ճամփորդության վերադարձի ամսաթվից։ Նման պահանջ ունեն, օրինակ Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ։Այսինքն, եթե օրինակ, մեկնելու եք հանգստանալու օգոստոսի 21-31-ը, ապա անձնագրի վավերականության ժամկետը պետք է լրանա ավելի ուշ, քան 2026 թ–ի փետրվարի 28–ը։

Կան երկրներ, որոնք պահանջում են անձնագրի ժամկետի եռամսյա վավերականություն՝ հաշվված ճամփորդության վերադարձի օրվանից, ինչպես՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և այլն։Այս կարգավորումները ևս կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխության ենթարկվել, հետևաբար անհրաժեշտ է մշտապես ճշտել թարմացված և գործող կարգավորումը։ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հիշեցնում են, որ անձնագրի վավերականության հետ կապված խնդիրը օդանավակայանում հայտնաբերելիս՝ այն լուծել հնարավոր չէ, քանի որ անձնագրի թողարկման մեկօրյա ծառայությունը մատուցվում է դիմումին հաջորդող աշխատանքային օրը։ Նման իրավիճակներում ստիպված կլինեք չեղարկել կամ հետաձգել ճամփորդությունը:

–00—ՅՄ