ԱԱԾ-ն «հոկտեմբերի 27-ի» նման նախապատրաստվող առնվազն երեք հանցագործություն է բացահայտել. ԵԿՄ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Երկրապահ կամավորականների միությունը հայտարարությամբ է հանդես եկել։
«Հայաստանի անկախացման, քաղաքական բազմակարծության, քաղաքացիական իրավունքների ու ազատությունների հռչակման ու կիրառման արդյունքում՝ հայրենիքում վերահաստատվեցին հայկական ավանդական կուսակցություններն ու նրանց գաղափարախոսները:
Եղեռնից ի վեր, թուրքական իշխանությունների դեմ այդ ուժերից մի քանիսի որդեգրած տեռորի մեթոդներն ու ձևերը, ցավոք, նրանց ձեռամբ սկսեցին կիրառել նաև հայրենի իշխանությունների, նրանց քաղաքական ու ռազմական գործիչների դեմ:
Տապալված կայսրությունից ու քաղաքական թոհ ու բոհից ուշքի եկող մետրոպոլյան իր հերթին, իրենից անկախացած հանրապետություններում սկսել էր կենդանացնել ու գործադրել սովետական КГБ-ի առկա ողջ ցանցն ու նրա զինանոցի ամեն միջոց ու խարդավանք՝ նախկինում ունեցած իր վերահսկողությունը լիակատար վերականգնելու, նրանց առնվազն իր ազդեցության գոտում պահելու համար:
Անկասկած է, որ նորանկախ Հայաստանի անվտանգության և իրավական համակարգերը պատրաստ չէին բախվելու, առավել ևս հակադրվելու նախկին շեֆերի հրահանգներին ու հանձնարարականներին:
Արդյունքում Հայաստանի երրորդ Հանրապետությանը մշտապես ուղեկցել են քաղաքական սպանություններն ու տեռորիստական ակտերը, իշխանության զավթման փորձերը:
Հանրային ու քաղաքական բևեռացված դիսկուրսում դրանք արդարացվում էին «ապազգային» իշխանությունների՝ համազգային շահերի դավաճանությամբ, հետագայում արդեն՝ կեղծված ընտրությունների և ոչ լեգիտիմ իշխանությունների անկոմպետենտությամբ ու արատներով: Յուրաքանչյուր ահաբեկչական ու տեռորիստական ակտից հետո դրանք չէին բացահայտվում կամ էլ լավագույն դեպքում մի քանի «սլաքավարներ» էին կանգնում դատարանի առաջ, մինչդեռ անհրաժեշտ էր բացահայտել այդ հակապետական ծրագրերը մշակողների ու հրահանգավորողների ողջ շղթան՝ սարդոստայնը, որպեսզի վիրահատական միջոցներով հեռացվեին երկիրն ու պետականությունը քայքայող չարորակ այդ ուռուցքը՝ նոր մետաստազները բացառելու համար:
Այնինչ մեր իրավական պրակտիկային հայտնի է դեպք, երբ պատժի կրումից օրինական ուժ ստացած դատական ակտի առկայության պայմաններում (գլխավոր դատախազի ապօրինի որոշմամբ) ազատվել է տեռորիստների մի ողջ խումբ՝ իրադրության փոփոխման արհեստական հիմքով:
Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքը 1999 թվականին ԱԺ ընտրություններում առավել քան համոզիչ հաղթանակ տարավ ժողովրդի մեջ՝ երկրի ապագայի նկատմամբ վստահություն, արդարության հաստատման հույս ու հավատ արթնացրեց:
Վազգեն Սարգսյանի կառավարությունը շատ կարճ ժամանակում զգալի արդյունքներ արձանագրեց:
Սակայն հոկտեմբերի 27-ին մի խումբ տեռորիստներ (Ռ.Քոչարյանը հետո նրանց «ռոմանտիկներ» պիտի անվաներ) ԱԺ դահլիճում վերջ դրեցին Հայաստանի ինքնիշխանության, անկախության ամրապնդման, երկրի ներսում կարգ ու կանոն հաստատելու, երկիրը արագ տեմպերով առաջ մղելու Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի հաստատակամ ընթացքին:
Գլխատվեց «Միասնություն» դաշինքը: Հայաստանը իր որդեգրած ուղուց երկար տարիներ հետ շպրտվեց:
Կարճ ժամանակ անց իրական իշխանության տեր դարձան այլ ուժեր ու անհատներ: Հայաստանում հոկտեմբերի 27-ով սկսված իշխանազավթումը ավարտվեց:
Հոկտեմբերի 27-ից օրեր անց հայտնի ուժերն ու անհատները Նաիրի Հունանյանին ու նրա ոհմակին հերոսներ ու հայրենասերներ էին հռչակում:
Վերջերս էլ նրանցից մեկը հոկտեմբերի 27-ը ժողովրդի «ցասման պոռթկում» էր անվանում և կարծես ահաբեկում, թե նման «պոռթկումները» հիմա էլ է հնարավոր:
Երկրապահը միշտ պահանջատեր է եղել և կա՝ ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի և մյուս պետական այրերի սպանությունների լիարժեք բացահայտմանը:
Ինչո՞ւ հնարավոր դարձավ հոկտեմբերի 27-ը:
Ինչո՞ւ իրավապահ մարմինները չկանխեցին:
Թե՞ նրանց թողտվությամբ տեռորիստները նախ զենք ու զինամթերք հայթայթեցին և ապա անվտանգ հասան ԱԺ դահլիճ:
Ովքե՞ր էին այդ ոճրագործության կազմակերպիչներն ու պատվիրատուները:
Ունե՞ր հոկտեմբերի 27-ը արտերկրից շահառուներ:
Սրանք հարցեր են, որ մինչ օրս պատասխաններ չունեն:
Ուզում ենք հավատալ, որ ժողովրդի քվեով ընտրված իշխանությունը ու նրա իրավապահ մարմինները կտան այս հարցերի պատասխանները: Առանց հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտման Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը շարունակվում է վտանգված մնալ:
Միայն վերջին մի քանի տարիների ընթացքում ԱԱԾ-ն առնվազն երեք՝ «հոկտեմբերի 27-ի» նման նախապատրաստվող հանցագործություն է բացահայտել:
Ուրեմն կարող են, երբ ցանկանում են:
Փառք ու պատիվ նրանց:
Օրեր առաջ իշխանազավթման նախապատրաստության վերջին դեպքը բացահայտվեց: Տարբեր դերակատարներով իշխանության հեռացման, կառավարությանը անվստահություն հայտնելու մի քանի անհաջող փորձերից հետո նույն պատվիրատուներն ու նախաձեռնողները հիմա էլ «վայ եկեղեցականի» գլխավորությամբ նոր զինված հեղաշրջում էին նախապատրաստել:
Հայաստանը պատերազմից ու Արցախի կորստից հետո միասնության ու համախմբման անհրաժեշտություն ունի, Հայաստան – Սփյուռք բոլոր ուժերի մեկտեղման կարիք ունի՝ այս անկայուն ու փոփոխվող աշխարհակարգում անվտանգ ու ապահով գոյատևելու համար:
Ժամանակին Սպարապետն ասել է. «Սպասում են մենք իրար միս ուտենք, մեր ու ժողովրդի մեջ հակասությունն այնքան խորանա-խորացնեն, որ Կարմիր բանակի շռնդալից երթը Երևանում դիտվի որպես փրկություն»:
Այսօր, երբ աշխարհը կանգնած է ահռելի մարտահրավերների առաջ՝ քաղաքական լարումներ, ատելության խոսք, ահաբեկչական գործողություններ, յուրաքանչյուր առողջ մտածող մարդ պարտավոր է հարց տալ իրեն՝ ո՞րն է խաղաղության ուղին, ո՞րն է իմ դերը:
Ուշքի՛ եկեք, ժողովո՛ւրդ»,- ասվում է հայտարարությունում։
—00—ՄԱ