Հայկական ֆանտաստիկան առաջ էր իր ժամանակից. ներկայացվեց Ռուսլան Սաղաբալյանի գրքի թարգմանությունը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Aravot.am. «Երազ» այգում գրքի տոն էր։ «Նյումեգ» հրատարակչությունն արդեն երրորդ անգամ անցկացրեց «Newmag Summer Fest» գրքի ամառային փառատոնը։ Փառատոնի շրջանակներում Հայաստանի ամենախոշոր հրատարակչությունը, ինչպես միշտ, ներկայացնում էր մի քանի նոր գիրք, թարգմանական արտերկրյա գրականություն, մանկական ու ոչ միայն մանկական ժամանակակից ու դասական գրողների գործեր։ Հայալեզու նոր հրատարակություններից ներկայացվեց հայ գրող Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գրքի հայերեն թարգմանությունը։ Մոսկվայում բնակվող հայ գրողի այս ստեղծագործության նախնական տարբերակը հրատարակվել է ռուսերենով, դեռևս խորհրդային տարիներին, 80-ականներին, նույնիսկ այն տարիների համար հսկայական 20 հազար տպաքանակով։ Այսօր գրքի՝ նոր պատմվածքներով թարմացված հայերեն հրատարակությունը հասանելի է նոր սերնդի դպրոցականների համար։
Հայկական ֆանտաստիկան ժամանակից առաջ էր
Դեռևս 80-ականներին, մինչև Հարրի Փոթերի ի հայտ գալը, Ռուսլան Սաղաբալյանի գիրքը պատմում էր հեքիաթային դպրոցի մասին, որտեղ սովորում էին տարբեր գալակտիկաների հեքիաթային կերպարներ՝ օժտված ամենատարբեր յուրահատկություններով։ Նոր, հայալեզու հրատարակությունը ներառում է արդեն ժամանակակից իրականությանը համահունչ մի քանի նոր հերոսներ, որոնք ժամանակակից իրականության այլաբանական խնդիրներին են բախվում։
«Հայկական ֆանտաստիկան առաջ էր իր ժամանակից,- ասում է հեղինակը,- այն գաղափարները, որ արևմտյան գրականության ու կինոյի մեջ ի հայտ եկան 90-ականներին, 2000-ականներին, արդեն գոյություն ունեին հայկական ժամանակակից գրականության մեջ, ու այսօր առավել քան կարևոր է նրանց նոր շունչ տալը»։
Գրքի ամառային փառատոնի շրջանակներում գրողի գիրքը ներկայացրեց ընթերցողը՝ դպրոցական պատանին, բեմի վրա հարցազրույց վարելով հեղինակի հետ։ Ինչպե՞ս ծնվեց ֆանտաստիկ կերպարների գաղափարը սոցռեալիզմի պայմաններում։
«Բավական է երազել, – ասում է Ռուսլան Սաղաբալյանը,- ցանկացած լավ գրականություն մեծ հաշվով ֆանտաստիկա է, իրականությունը լրագրություն է, դրա մասին կարող է գրել՝ գրել-կարդալ իմացող ցանկացած մարդ։ Իրական գրականությունը պահանջում է երևակայություն, երազելու ունակություն, իրականությունից անդին տեսնելու ցանկություն։ Գրքի հերոսները թեև ֆանտաստիկ, հեքիաթային կերպարներ են, նրանց արկածները, հուզերը, խնդիրները համամարդկային են։ Նրանց խնդիրները՝ ժամանակակից կյանքի խնդիրներ են՝ ընկերության, հավատարմության, վախի հաղթահարման, միջակության դեմ պայքարի մասին են։ Այս հերոսների մեջ ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները կարող են գտնել իրենց»։
Ռուսլան Սաղաբալյանը մեծահասակների համար մի քանի գրքի հեղինակ է, այդ թվում՝ հրապարակախոսական ստեղծագործությունների։ Ինչո՞ւ և ինչպես ծնվեց մանկական գիրքը։ Նյումեգի հրատարակած գիրքը նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար, սակայն հեղինակը ասում է, որ իրապես լավ մանկական գիրքը պետք է հավասարապես հետաքրքիր լինի նաև մեծահասակների համար, ինչպես Սվիֆթի «Գուլիվերի արկածները», Թվենի «Թոմ Սոյերի արկածները» ու բազմաթիվ այդպիսի ստեղծագործություններ։ «Յոթ գալակտիկաների դպրոցը» հենց այդ սկզբունքով է ստեղծվել։
Հերոսները դպրոցական են, բայց հույզերն ու արկածները լիովին համահունչ են հասուն մարդկանց հույզերին, արկածներին ու նույնիսկ քաղաքական խնդիրներին։ Այստեղ կարելի է հանդիպել ազատ խոսքի դեմ դպրոցի (այլաբանորեն նաև՝ ցանկացած պետության) կողմից ճնշման, ճշմարտությունն ասող աշակերտի հանդեպ հետապնդումների, իրականությունը գտնելու և այդ ճանապարհին «մեծահասակների» կողմից ստեղծած խոչընդոտների մասին պատմությունների։ Ամեն գլուխը դպրոցական ընկերների տարբեր արկածներ են, համեմված անսպասելի շրջադարձերով, հումորով ու հույզերով։ Գիրքը նկարազարդել է ավստրալահայ նկարչուհի Սոնա Բաբաջանյանը, որը գրքի շնորհանդեսին տեսաուղերձով հանդես եկավ, պատմեց, թե ինչ հետաքրքրությամբ ու հաճույքով է կարդացել գիրքը ու ինչ նվեր էր այն նկարչի համար, քամի որ անսպառ երևակայության հնարավորություն էր տալիս։ Հենց այն, ինչին ձգտել է հեղինակը՝ գրել արկածների մասին, որոնք հավասարապես հետաքրքիր կլինեն և մեծերի և փոքրերի համար։
Բազմամարդ փառատոնի այցելու դպրոցականներից շատերը տուն գնացին հեղինակի կողմից մակագրված գրքի հերոսների արկածներին արդեն այս շաբաթ-կիրակի ծանոթանալու։