Ադրբեջանը Հայաստանի զավթման ծրագիրը հանել է միջազգային հարթակներ, ոչնչից ստեղծել է օրակարգ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Ադրբեջանը Հայաստանի զավթման ծրագիրը հանել է միջազգային հարթակներ, ոչնչից ստեղծել է օրակարգ։ Հայաստանի անվանումն անգամ շատ հարթակներում չեն գործածում այլևս` այն փոխարինելով «Արևմտյան Ադրբեջան»-ով, գրում է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
«Այսպես կոչված վերադարձի հարցով Հայաստանի վարչապետից ակնկալում են կոնկրետ ժամկետներ`այն ներկայացնելով որպես հաստատված իրողություն: Սյունիքի նկատմամբ են ներկայացնում տարածքային պահանջներ՝ այն անվանելով «Արևմտյան Զանգեզուր»: Ներկայացված պահանջներն են` փոփոխել Սահմանադրությունը, հրաժարվել Անկախության հռչակագրից, Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի հարցերից:
Սա Հայաստանի զավթման ծրագիր է, որն ամբողջ ուժով ադրբեջանական իշխանությունն առաջ է տանում:
Հայաստանի իշխանության վախեցած, ադրբեջանական ու թուրքական իշխանության ողորմածությանն ապավինած կրավորական կեցվածքը միայն նպաստում է այս ծրագրի զարգացմանը, ադրբեջանական կեղծիքների միջազգայնացմանը»:
–00—ՅՄ