Գողության դեպք՝ Արտաշատում. կասկածյալը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Փետրվարի 20-ին՝ ժամը 16.30-ի սահմանում, Արտաշատի Արարատյան փողոցում գործող մի ընկերությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 15-ից 20-ը ընկերության տարածքից գողացել են շարժիչներ, էլեկտրահաղորդիչների անջատիչներ և մալուխ:
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ուսումնասիրել էին տարածքը, կազմել համապատասխան արձանագրություններ:
Գողության փաստով հարուցվել էր քրեական գործ:
Իրավապահները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում դեպքից շաբաթներ անց տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Արարատի մարզի Շահումյան գյուղի 62-ամյա մի բնակիչ:
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո մարտի 19-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին:
62-ամյա տղամարդը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: