Առաջին հայցը դատարանում է, մյուսները՝ շուտով. Մելիքյանը՝ «ՈՉ»-ի կողմից կաշառ տալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Ռուբեն

«Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով «Ոչ» քարոզչական կողմից բաժանվող ընտրակաշառքի մասին լուրերին:

«Sա ի՞նչ է, եթե ոչ՝ բացահայտ հակաքարոզչություն «ՈՉ»-ի դեմ:

Նման մեթոդներով «Ոչ»-ին վարկաբեկելու փորձերն անիմաստ են, քանի որ մենք ինքներս ենք հայտնաբերում ընտրակաշառքի մասին իբր «լուրեր» տարածողներին ու իրավապահներից առանձին-առանձին ու հրապարակավ պահանջում զբաղվել նրանցով:

Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ. բոլոր այն մարդիկ, որոնք կփորձեն «Ոչ»-ի կողմի մասին ապատեղեկատվություն կամ բամբասանք տարածել, թե իբր իրենց տալի ամուսնու հորքարոջ հարսի եղբոր ուսմասվարի բաջանաղը լսել է, որ «Ոչ»-ի կողմից կաշառք կամ անգամ կաշառքի խոստում է եղել, պատասխան են տալու օրենքի առջև:

Եվս մեկ անգամ հորդորում եմ դատախազությանն ու ոստիկանությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն այս «լուրերը» տարածող մարդկանց հայտնաբերելու և քրեադատավարական ընթացակարգով իրականությունը պարզելու համար:

Նաև տեղեկացնում եմ, որ մենք սկսել ենք քաղաքացիադատավարական ընթացակարգ՝ զրպարտչական և մեզ համար վիրավորական «լուրեր» տարածողների դեմ։ Առաջին հայցն արդեն դատարանում է, մյուսները շուտով կուղարկվեն։ Թող գան դատարան ու հանրության առջև բացահայտնեն եղելությունը (կամ դրա բացակայությունը)։

Իսկ ԶԼՄ-ներին առաջարկում եմ չմոլորեցնել հանրությանը: Դադարեցրե՛ք անիմաստ շահարկումները և ակնհայտ կեղծ օրակարգի ձևավորումը:

Նաև նման մեթոդներին ենք ասում՝ Ո՛Չ»:

»։