«Հայաստանն ու Թուրքիան որոշել են վերականգնել Անիի պատմական կամուրջը»․ Սերդար Քըլըչ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Անթալիայում ապրիլի 11-ին մեկնարկել է դիվանագիտական ֆորումը՝ ADF 2025-ը։ ՍիվիլՆեթի թղթակից Արշալույս Մղդեսյանը հարցազրույց է վարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ՝ հայ-թուրքական կարգավորման և իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման մասին։
– Պարոն Քըլըչ, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Խնդրում եմ, պատմեք հայաստանցի Ձեր գործընկերոջ հետ այսօրվա հանդիպման մասին։ Ի՞նչ տպավորություն ունեք, ի՞նչ կասեք հայ-թուրքական գործընթացի, հայ-թուրքական բանակցությունների մասին։
– Դե, սա բանակցություն չէ, նույնիսկ կարգավորման գործընթաց էլ չէ։ Եթե հարցնեք իմ անձնական կարծիքը, ապա սա վստահության կառուցման գործընթաց է երկու երկրների միջև։
Մինչ այժմ մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկել։ Եվ վերջերս որոշել ենք վերականգնել Անիի պատմական կամուրջը։ Մեր աշխատանքային խմբերը սկսել են հարաբերությունների վերականգնման գործընթացի տեխնիկական ուսումնասիրությունը։
Շատ շուտով կսկսենք փորձնական աշխատանքները։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի արագացնենք կարգավորման գործընթացը, քանի որ դա շահավետ է երկու երկրների և երկու ժողովուրդների համար։
Կարծում եմ՝ Ռուբենն ու ես լավ քիմիա ունենք։ Մենք միմյանց հասկանում ենք և անում ենք հնարավոր ամեն ինչ՝ գործընթացը առաջ տանելու համար։
– Ի՞նչ կարող եք ասել այն մասին, թե երբ է հայ-թուրքական սահմանը բացվելու երրորդ երկրների ներկայացուցիչների համար։
– Այդ առնչությամբ որոշում ենք կայացրել դեռևս 2022 թվականին՝ երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Հիմա աշխատում ենք տեխնիկական մանրամասների վրա։ Չգիտեմ՝ երբ դա կլինի, բայց լուրջ աշխատում ենք։ Հուսով եմ՝ հնարավորինս շուտ պետք է ավարտենք այս գործընթացը։
–00—ՍՊ