Քարվաճառում ոչ մի նոր ՓՀԷԿ չի կառուցվելու․ այս պահանջից երբեք նահանջ չի լինի․ Քանանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

քանանյան

Սիրելի հայրենակիցներ։ Կրկին ներողություն եմ խնդրում, որ այս օրերին ուշ-ուշ եմ գրում։ Բանակցությունները դժվար են ընթանում, բայց հույս կա, որ այսօր կամ վաղն իրավիճակը վերջնականապես կհստականա։ Անկախ բանակցությունների ելքից՝ իմ ձևակերպած, Քարվաճառի բնակչության պաշտպանած և Հայաստանի ազգային անվտանգության հրամայականից բխող բոլոր պահանջները լիովին ուժի մեջ են և չեն փոխվելու։

Քարվաճառում ոչ մի նոր ՓՀԷԿ չի կառուցվելու, իսկ կառուցման փուլում գտնվողներն ապամոնտաժվելու են։ Այս պահանջից երբեք նահանջ չի լինի։ 2019 թ․ դեկտեմբերի դրությամբ գործող ՓՀԷԿ-երը ենթարկվելու են խստագույն վերահսկողության և առկա օրենսդրական պահանջների։

Երախտագետ եմ բոլոր հարազատ ընկերներիս, աջակիցներիս, իմ առողջությամբ անկեղծօրեն մտահոգ հայրենակիցներիս։ Միաժամանակ՝ տարակուսանք և զարմանք եմ ապրում, երբ ինձ ուղղված հացադուլից դուրս գալու կոչերը հնչում են Արցախի կառավարության, ավերիչ ՓՀԷԿ-աշինության ակունքում կանգնած անձանց կամ Երևանում համապետական նշանակության պաշտոն ստացած ընկերներից։

Պաշտոնական Երևանը պետք է, ի վերջո, լրջանա և գիտակցի, որ «երկու հայկական պետությունների» անհեթեթ թատրոնի բեմադրումը ոչ միայն ոտնահարում է ՀՀ պետականաստեղծ ակտերի գերակա սահմանադրականությունը, այլև անպատասխանատու և անբարո «ցինիզմ» է՝ արցախաբնակ ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ և խորապես պետականավնաս վարքագիծ։

Իսկ Արցախի կառավարությանը հորդորում եմ ոչ թե ինձ հացադուլից դուրս գալու կոչեր ուղղել, որի բարոյական իրավունքը նա չունի, այլ գիտակցել, որ Հայոց պետության կայուն զարգացման և անվտանգության հրամայականներն անսահմանորեն վեր են քրեական օլիգարխիայի մասնավոր հակապետական շահերը սպասարկելու «առաջնահերթությունից»։