ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 12-ին Օմանում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Թեհրանը չի համաձայնի դադարեցնել իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է հավաստիացումներ տալ, որ իր միջուկային գործունեությունը չի ռազմականացվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tehran Times-ը՝ հիմնվելով իր տրամադրության տակ հայտնված նոր տեղեկատվության վրա։
Ըստ հրատարակության տվյալների՝ բանակցությունների ընթացքում կողմերը փոխանակել են գրեթե 10 գրավոր հաղորդագրություն. առաջին ուղերձը տրվել է իրանական կողմից։ Արաղչին ընդգծել է, որ Իրանը ոչ մի պարագայում չի համաձայնի իր միջուկային ծրագրի լիակատար դադարեցմանը։ Միևնույն ժամանակ նա ասել է՝ Թեհրանը քայլեր կձեռնարկի, որպեսզի հավաստիացումներ տրամադրի այն մասին, որ իր միջուկային գործունեությունը չի ռազմականացվի։ Իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կլինի միակ կազմակերպությունը, որին կթույլատրվի մուտք գործել Իրանի միջուկային օբյեկտներ։
Դրա դիմաց Իրանը ցանկանում է, որ մի քանի ոլորտների վրա սահմանված ամերիկյան պատժամիջոցները չեղարկվեն, իսկ այդ պատժամիջոցների չեղարկումից հետո ԱՄՆ-ն չպետք է կարողանա դրանք կրկին սահմանել ոչ մի պատրվակով։
Ինչպես նշում է Tehran Times-ը, իրանական պատվիրակության ուղերձներում նշվել է, որ բանակցությունների շարունակման համար անհրաժեշտ է գալ ընդհանուր շրջանակային համաձայնության, և եթե Վաշինգտոնին չբավարարի Թեհրանի առաջարկը, ապա Իրանը կսպասի ԱՄՆ-ի այլընտրանքային տեսլականին հաջորդ հանդիպման ընթացքում։
Ըստ պարբերականի՝ Ուիթքոֆն իր հերթին ընդունել է, որ Վաշինգտոնը նույնպես պետք է զիջումների գնա։
Ապրիլի 12-ին Օմանում տեղի են ունեցել բանակցություններ Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Իրանի արտգործնախարարությունից հայտնել են, որ բանակցություններն անցել են կառուցողական և հանգիստ մթնոլորտում։ Բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Օմանում:
--00--ԱՀ