Պեսկովը կոչ է արել հիմնվել պաշտոնական տեղեկությունների վրա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

պե

 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովի ձերբակալությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, Պեսկովը նշել է, որ այդ հարցի շուրջ կան տարբեր մեկնաբանություններ, սակայն հարկավոր է հիմնվել պաշտոնական տեղեկությունների վրա։

Պեսկովը նաև ասել է, որ իրեն հայտնի չեն ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե Իվանովին կասկածում են նաև պետական դավաճանության մեջ։

Ապրիլի 23-ին Մոսկվայի դատարանը երկու ամսով ձերբակալել է ՌԴ ՊՆ փոխնախարար Տիմուր Իվանովին կաշառք վերցնելու կասկածանքով։ 47-ամյա Իվանովը տարիներ շարունակ աշխատել է որպես պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի տեղակալ։

2016 թվականին տվյալ պաշտոնին նշանակված Իվանովը պատասխանատու էր Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքի նախագծերի համար։ Հետաքննությունը կարծում է, որ Իվանովը հանցավոր դավադրության մեջ է մտել երրորդ անձանց հետ՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար պայմանագրային և ենթապայմանագրային աշխատանքների ժամանակ կաշառք ստանալու նպատակով։

Իվանովին կասկածում են հատկապես խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ, որի համար առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկումն է։ Առայժմ հայտնի չէ, թե որքան գումարի մասին է խոսքը։

Փոխնախարարը հերքում է իր հանդեպ մեղադրանքը։

--00—ԼՀ