Քննարկվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

437554577_811597287669159_8072145711518521343_n

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տրանսպորտի ոլորտի գրասենյակի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի‚ Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան թիմի տնօրեն Չեն Չենի գլխավորած պատվիրակության հետ։

Նշենք, որ ԱԶԲ պատվիրակությունն այցելել էր Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ ճանապարհահատվածներ, հետևել ՀՀ կառավարության և ԱԶԲ համաֆինանսավորմամբ կատարվող շինաշխատանքների ընթացքին, ինչպես նաև եղել էր Սյունիքի մարզում՝ ծանոթանալով Հյուսիս-հարավի հարավային հատվածում նախատեսվող ծրագրերին։

Բանկի պատվիրակության անդամների հետ քննարկվել են այցելությունների արդյունքները, համատեղ իրականացվող ծրագրերի ինժեներական, սոցիալական, բնապահպանական և այլ բաղադրիչներ, անդրադարձ է եղել ԱԶԲ հետ համագործակցության տարբեր ասպեկտներին։

Քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը։ Պարոն Չենը հայտնել է ԱԶԲ հանձնառությունը՝ մասնակցելու Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ֆինանսավորմանը։

Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։ Այդ համատեքստում ընդգծվել է կարողությունների զարգացման գործում ԱԶԲ-ի ներգրավվածության կարևորությունը։

--00—ՅՄ