Մանվել Բադալյանն ընտրվեց Պետական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

555

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Մանվել Բադալյանին՝ որպես համաձայնեցված թեկնածու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խորհրդարանին հակիրճ ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Հիմնական զեկուցողի խոսքով Մանվել Բադալյանը քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման ակունքներում է կանգնած:

Մանվել Բադալյանը նշել է, որ կարեւորում է ոլորտը Հայաստանում ձեռնարկատիրական զարգացման, տնտեսական մրցակցության ազատության եւ պաշտպանության տեսանկյունից:

Ընդգծելով տնտեսական ազատ մրցակցության առկայությունը, մենաշնորհների գերակա դիրքի հետ կապված խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը՝ թեկնածուն նշել է, որ վերջին տարիներին «Տնտեսական մրցակցության պաշտպանության» մասին օրենքում բավականին հետաքրքիր առաջադիմական լուծումներ են տեղ գտել, որոնք էլ ավելի են պարզեցնում ձեռնարկատիրության ասպարեզում ընդունված խաղի կանոնները: Մանվել Բադալյանի դիտարկմամբ ցանկացած ասպարեզում, հասարակական հանրային կյանքի կազմակերպման գործում պետք է առաջին հերթին ապավինել ինստիտուցիոնալ լուծումներին, օրենսդրական կարգավորումներին:

Ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցի, թե ինչպես է գնահատում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից առաջ եւ դրանից հետո առկա տնտեսական մրցակցությունը, գործարարների ազատությունը եւ նրանց նկատմամբ հովանավորչությունը, թեկնածուն ընդգծել է, որ ձեռնարկատիրության ոլորտում պետք է մենաշնորհներ չլինեն: Նա շեշտել է, որ հատկապես մանր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության ասպարեզում նկատելի է տնտեսական աշխուժություն: «Օրենսդիրն ու գործադիրը պետք է ամեն ինչ անեն, կատարելագործեն գործիքակազմը՝ մենաշնորհային դաշտը սահմանափակելու եւ տնտեսական գործունեության ազատություն ապահովելու համար»,- ասել է թեկնածուն՝ մերժելի երեւույթ համարելով հովանավորչությունը բոլոր առումներով եւ ասպարեզներում:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, նշելով, որ թեժ մրցակցություն կա մասնավոր եւ պետական ոլորտի աշխատուժի միջեւ, հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է գնահատում թեկնածուն համակարգում առկա կարգավորումները եւ արդյո՞ք դրանք հնարավորություն տալիս են, որ պետական համակարգում ներգրավվեն որակյալ մասնագետներ:

Կարեւորելով ռազմավարական մեծ նշանակություն ունեցող մասնավոր եւ պետական հատվածի մրցակցային ոչ առողջ վիճակը՝ Մանվել Բադալյանը նշել է, որ հանրային, պետական ծառայությունը գրավիչ չէ՝ որպես հիմնավոր պատճառ շեշտելով աշխատանքի վարձատրության հարցը:

Ելույթում Բաբկեն Թունյանը նկատել է, որ օրենսդրական փոփոխությունը, որով հնարավորություն է տրվել ընդդիմադիր խմբակցություններին ինքնավար մարմինների թեկնածուներ առաջադրել, եղել է իրենց օրոք, որպեսզի որոշ չափով բալանս ապահովվի եւ ուրախ է, որ կյանքի է կոչվում այդ նախաձեռնությունը: «Մենք այս դեպքերում չենք առաջնորդվում մարդու քաղաքական կամ անձնական հայացքներով, եթե, իհարկե, որոշակի շեմը չի անցել տվյալ անձնավորությունը: Ունեցել ենք դեպքեր, երբ մերժել ենք ընդդիմության առաջարկած թեկնածուին եւ հակառակը, երբ ընտրել ենք մեծ գոհունակությամբ»,- ասել է Բաբկեն Թունյանը՝ շեշտելով, որ ներկա պահին կարեւոր է, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն աշխատի բնականոն, եւ կառույցը համալրված լինի գիտակ մարդկանցով:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ Մանվել Բադալյանի թեկնածությունը ներկայացվել է՝ հաշվի առնելով նրա ե՛ւ անհատական, ե՛ւ աշխատանքային փորձառությունը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, կարեւորելով ինստիտուտն ու քվոտավորման տրամաբանությունը, հիշեցրել է, որ իրենք են ընդունել կարգավորումը, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում պետք է լինի ընդդիմության քվոտա: «Առաջնորդվում ենք պրոֆեսիոնալիզմի, օրենքի եւ Սահմանադրության թելադրած կանոններով»,- նշել է խմբակցության ղեկավարը:

Եզրափակիչ ելույթում թեկնածուն շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար՝ նշելով, որ բացահայտվեցին նոր ուղղություններ, խնդիրներ եւ հարցեր, որոնք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում պետք է լինեն: 

Ութերորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Մանվել Բադալյանի թեկնածության ընտրությանըն ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 84-ը: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Մանվել Բադալյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 84 պատգամավոր:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, շնորհավորելով Մանվել Բադալյանին ընտրվելու կապակցությամբ, տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել նաեւ իրենց կողմից առաջադրած թեկնածուի ընտրությանը:

--00—ԼՀ