Գալեյանի գործով Վերաքննիչ բողոք է ներկայացվել, դատարանը տարբերակված որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

G

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի կալանավորելու որոշման դեմ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Իր փոխանցմամբ, բողոքի հիմք է հանդիսացել կալանքի կրմանը խոչընդոտող հիվանդությունների պայմաններում խափանման միջոց կալանք ընտրելը, ինչպես նաև՝ կալանավորման հիմքերի բացակայությունը: «Վկայակոչել ենք նաեւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, երբ համանման առերեւույթ հիվանդության պայմաններում անձի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է առանց անգամ հանձնաժողովի դատաբժշկական փորձաքննության: Գարիկ Գալեյանի նկատմամբ դատարանի կողմից այս դեպքով տարբերակված մոտեցում է ցուցաբերվել»,- պարզաբանեց փաստաբանը:

Նշենք, որ դատարանը Գարիկ Գալեյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդել էր, որ Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել եւ վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթներ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ եւ 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով:

Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Նույն օրը ՀՀ ՔՕ 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։

 

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ