Օդային տարածքը փակելուն արձագանքը ՀՀ-ից ոչ թե պետք է լինի արդարացումը, այլ անզուգաչափ պատասխանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

79e2f1b87b8c24e4b4eba09653e3856f_M

Էրդողանական վարչախմբի կողմից հայկական ինքնաթիռների համար Թուրքիայի օդային տարածքը փակելուն արձագանքը Հայաստանից ոչ թե պետք է լինի արդարացումն, այլ անզուգաչափ պատասխանը։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Նման պատասխան կարող էր լիներ, դիցուք, արհեստածին Ադրբեջանի «մայրցամաքային» հատվածից դեպի բռնազավթման մեջ գտնվող Նախիջևան ուղևորվող ինքնաթիռների համար Հայաստանի և Իրանի օդային տարածքների փակումը Թեհրանի հետ համակարգված համատեղ գործողության շրջանակներում, ինչը կհանգեցներ Նախիջևանի փաստացի օդային շրջափակման՝ ստիպելով թշնամուն թռիչքներն իրագործել շրջանցող մեծ  կորագծով։

Թուրքիայում նախընտրական կրքերի այս թեժ ժամանակահատվածում դա կարող էր լուրջ իմիջային հարված դիտարկվել վերընտրվել տենչացող Էրդողանի համար և դուռ բացել հավասարը հավասարի հետ խնդրի լուծման բանակցությունների։

Մերձավոր Արևելքում խեղճերին և անզորներին չեն հարգում և առավել ևս դրանց հետ հաշվի չեն նստում, քանզի հենց այստեղ է հնուց ի վեր բանաձևվել՝ «ակն ընդ ական»»:

--00—ՅՄ