Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու որոշում է կայացրել․ «The Telegraph»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

նկար

Լոնդոնի բարձր դատարանը Տիգրան Արզաքանցյանի կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին, ձերբակալելու որոշում է կայացրել, հայտնում է բրիտանական The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի՝ Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծության հարցերով զբաղվող իր փաստաբաններին չի վճարել 11,5 հազար ֆունտ ստերլինգ մատուցած ծառայությունների համար, ինչպես նաև մի քանի անգամ չի ներկայացել դատական նիստերին և անգամ չի արձագանքել իր հետ կապ հաստատելու փորձերին։ 

The Telegraph-ը նշում է, որ նախորդ երկու լսումներին չներկայանալու համար դատավորը Ռոտենբերգին արդեն իսկ դատապարտել է 3 շաբաթ ազատազրկման, սակայն նա հնարավորություն է ունեցել խուսափելու ազատազրկումից, եթե դատական նիստին ներկայանար նախորդ հինգշաբթի՝ ապրիլի 20-ին։ 

Հիշեցնենք, որ մինչև Տիգրան Արզաքանցյանի հետ ամուսնանալը, Նատալյա Ռոտենբերգը 2005-2013-ներին ամուսնացած է եղել ռուսաստանցի գործարար Արկադի Ռոտենբերգի հետ։ 

Նատալյա Ռոտենբերգը երկար ժամանակ փորձում էր դատարանի միջոցով հասնել ռուսաստանցի գործարարի հետ ամուսնական պայմանագրի անվավեր ճանաչմանը՝ փորձելով ստանալ նաև Ռոտենբերգի կարողության կեսը։ Դատական գործընթացն ավարտվել էր 2016-ին։ 2020-ին Արկադի Ռոտենբերգը դիմել էր դատարան և վիճարկել նախկին կնոջ՝ Լոնդոնի կենտրոնից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող առանձնատան պատկանելության հարցը։ 2021-ին դատարանը գործարարի օգտին որոշում էր կայացրել։

--00—ԼՄ