Ռուբեն Վարդանյանի նշանակումից հետո ի՞նչ ստացավ Արցախը, կա փաստ՝ ճգնաժամային իրավիճակում հայտնվեցինք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Վ

Եթե Արայիկ Հարությունյանը նման որոշում է կայացրել, ապա կայացրել է Արցախի շահերն առաջ տանելու տրամաբանությամբ։ Այս մասին 24News-ին ասաց արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանին երեկ Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնից ազատելու խնդրին։

«Այս առումով կարևոր էին հենց երեկվա ուղերձում նշված կետերը։ Նաև նշեմ, որ Ռուբեն Վարդանյանն իր ելույթում հայտնեց, որ անկախ բոլոր հանգամանքներից, չի պատրաստվում հեռանալ Արցախից, արցախցիներին մենակ թողնել, պայքարելու է, փորձելու է իր ջանքերը գործադրել՝ ի նպաստ Արցախի, Արցախի ժողովրդի»,- հավելեց Ազիզյանը։

Ըստ քաղաքագետի՝ այս ճգնաժամային շրջանում Արցախում ոչ թե տարանջատումներ պետք է լինեն, այլ բոլոր ջանքերը միավորվեն․ «Առաջնային խնդիրն այսօր Արցախում ներքաղաքական կոնսոլիդացիա ապահովելն է։ Այս առումով կա որոշակի համաձայնություն, կոնսոլիդացիա, կոնսենսուս ռազմավարական հարցերի շուրջ։ Իսկ մարտավարական տեսանկյունից դրան հասնելու առումով դիրքորոշումները որոշակիորեն տարբերվում են»։

Անդրադառնալով հարցին, որ Ռուբեն Վարդանյանին տրված էր Արցախի արտաքին քաղաքականության համակարգումը, սակայն նոր պետնախարարը չունի այդ գործառույթը, Ազիզյանը պատասխանեց․ «Ի սկզբանե սխալ է եղել արտաքին քաղաքականության համակարգումը վերապահել պետնախարարին։ Արտաքին քաղաքականության և ուժային կառույցների համակարգումը պետք է նախագահի լիազորությունների շրջանակում լինի՝ Սահմանադրության համաձայն։ Եվ այս առումով ճիշտ էր այդ լիազորությունները վերցնել պետնախարարից»։

Քաղաքագետը նաև անդրադարձավ Ռուբեն Վարդանյանի գործունեությանը պետնախարարի պաշտոնում։ «Ռեալ առումով եթե մենք ճիշտ գնահատենք իրավիճակը, ի՞նչ էինք մենք ստացել Ռուբեն Վարդանյանի նշանակումից հետո, ի՞նչ հաջողություններ կամ ի՞նչ թերացումներ ուներ, ի՞նչ խնդիրների առջև ենք կանգնել։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով որևէ առաջընթաց չենք ունեցել։ Իսկ ինչ վերաբերում է ներքին հարցերին, ապա, իհարկե կան որոշակի խնդիրներ, որոնց լուծմանը կարողացել ենք հասնել Ռուբեն Վարդանյանի նշանակումից հետո։ Ճգնաժամային իրավիճակում ենք հայտնվել, որը չեմ կարող ասել՝ որքանո՞վ է պայմանավորված նրա նշանակման հետ, բայց փաստը մնում փաստ։

Ամեն դեպքում, չեմ կարծում՝ պաշտոնից ազատելու որոշումը որևէ կապ ունի Ադրբեջանի պահանջի հետ, չնայած տարբեր շրջանակներ փորձում են այդպես նեկայայցնել, ամեն դեքպում դա միֆ է։ Որոշ շրջանակներ դա փորձում են կապել ՄԱԿ-ի միջազգային դատարանի կայացրած որոշման հետ։ Պետք է հասկանանք, որ այդ որոշումն այսպես թե այնպես արդեն իսկ պետք է կայացվեր, որևէ կապ գտնել այդ երևույթների միջև անիմաստ է»,- եզրափակեց Ազիզյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ