Երևանն ու Բաքուն աշխատում են իրար հետ, տեղի ունեցողը համատեղ ծրագիր է․ թուրքագետ

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Տ

Ինչ որ կատարվում է, հայ-ադրբեջանական ծրագիր է, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն իրար հետ աշխատում են։ Այս մասին 24News-ին ասաց Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ «Հայաստանից 8 գյուղ Ադրբեջանին վերադարձնելու» մասին հայտարարությանը։

Ըստ Լոքմագյոզյանի՝ այս գործողությունների հիմնական նպատակը Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս քշելն է․ «2-րդ խնդիրը, իհարկե, Հայաստանի, այսպես ասած, վաճառքն է։ Եթե հիշում եք, մի քանի ամիս առաջ քարտեզ դրվեց շրջանառության մեջ և ՀՀ իշխանությունների կողմից ոչ մի արձագանք չեղավ դրա դեմ։ Այդ քարտեզում Հայաստանի հարավային մասը՝ Սյունիքը, Տավուշը, Վայոց ձորը Սևանի արևելքն այլ գույնով էին ներկված։

Այն ժամանակ էլ ասացի, որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների ծրագիրն համագործակցաբար առաջ տանելու խնդիր կա և դրան են հասնում։ Այս իշխանությունները եկան ոչ միայն Արցախը հանձնելու, այլև Հայաստանը կործանելու։ Այն ծրագրի շարունակությունն է, որը սկսվեց 30 տարի առաջ Հայաստանի դեմ»։

Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի կարծիքով, հնարավոր է այնպես անել, որ Ադրբեջանի պահանջած 8 գյուղերը չհանձնվեն։ «Եթե ունենք մի իշխանություն, որ պատրաստ է այդ ամեն ինչը անել, դրա դեմ ոչինչ չենք կարող անել։ Միակ փրկությունն այն է, որ այս իշխանությունները չլինեն՝ այսպես թե այնպես։ Չեմ ասում՝ ամեն ինչ հետ կբերենք, սակայն գոնե այս գործընթացը կկանգենցենք։ Այսինքն՝ այս տալու գործընթացը կկանգի, հետո արդեն կտեսնենք՝ ինչ անել։ Գոնե կլինի այն վիճակը, ինչպես հիմա է։

Իսկ եթե այս իշխանությունները մնան, նշածս տարածքները հանձնվելու են ու ոչ միայն այդ տարածքները։  Կամաց-կամաց են առաջ գնում, միանգամից, իհարկե, հակազդեցություն կլինի հայ ժողովրդի մեջ, անգամ այն խավերի մեջ, որոնք, ասենք, պատրաստ են Ղարաբաղն էլ հանձնել, ինչ-որ գյուղեր էլ հանձնել։

Հիշե՛ք Նիկոլ հայտարարությունները՝ «այս լճի, սարերի համար չարժե պատերազմ անել․ այնտեղ տարվա 9 ամիսը ձյուն է», «Շուշին դժգույն քաղաք է»։ Կասի՝ «էս գյուղերն էլ մեզ պետք չեն, 3 հոգի են էնտեղ ապրում», «էս հողերը լավը չեն», վերջացավ», - եզրափակեց Տիրան Լոքմագյոզյանը։

Երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է դուրս գա «հայկական օկուպացիայի տակ մնացած 8 ադրբեջանական գյուղերից։ Սահմանազատման գործընթացը որքան էլ բարդ լինի, պետք է իրականացվի բանակցությունների միջոցով։ Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվել։ Այս համատեքստում կա 8 գյուղի խնդիրը, որտեղ հարյուրամյակներ շարունակ ադրբեջանցիներ են ապրել։ Ուստի այդ գյուղերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին»,- նշել էր Բայրամովը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ