Թովմասյանը Կարմիր խաչի պատվիրակների հետ քննարկել է գերիների հարցը և սահմանային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խորհրդարանում հանդիպեցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի եւ Հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ:

Քննարկեցինք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմից հետո առաջացած իրավիճակին, Արցախյան հակամարտությանը վերաբերող առաջնային մարդասիրական խնդիրներին` այդ թվում հայ գերեւարված անձանց ու անհայտ կորածներին առնչվող հարցեր:

Կարեւորեցի ազատազրկված անձանց կարգավիճակը հստակեցնելու, ինչպես նաեւ նրանց վերադարձն ապահովելուն ուղղված քայլերի իրականացումը:

Երկուստեք անդրադարձ կատարվեց սահմանամերձ գոտիներում ստեղծված ծանր իրավիճակին, մասնավորապես քննարկվեցին բնակչության համար առաջացած եւ կենսական նշանակություն ունեցող խնդիրները»:

--00—ԼՄ