Մոլորություն է` կարծել, որ եթե զենքերը լռում են, ԼՂ խնդիրը լուծված է. Ավստրիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

ԵՄ

ԵՄ-ն պետք է ցույց տա իր ներկայությունը Հարավային Կովկասում: Ինչպես հայտնում է Infoteka24-ը, այս մասին տեղեկացրել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգը՝ Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:

Շալլենբերգը նշել է, որ ԵՄ-ն և Ավստրիան պատրաստ են նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ խնդրի հետագա կարգավորմանը: 

Ավստրիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ասված է.

«Վիեննայում տեղի է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Նախարարների հանդիպման հիմնական թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, անդրադարձ է եղել նաև երկկողմ հարցերի: Ավստրիայի ԱԳ նախարարն ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ:

Շալլենբերգը մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում պահպանվող լարվածության առթիվ և կողմերին կոչ արել զսպվածություն պահպանել: 

«Մոլորություն կլիներ ենթադրել, որ հակամարտությունը լուծված է զուտ այն պատճառով, որ զենքերը լռում են: Այն շարունակում է եռալ մակերեսի տակ: Բոլորին վճռականորեն կոչ եմ անում չձեռնարկել քայլեր, որոնք կարող են նոր լարվածության հանգեցնել»,- ասել է նա:

Ավստրիայի ԱԳ նախարարը հակամարտության դադարեցման կարևոր նախադրյալ է համարում հումանիտար մեթոդներն ու կողմերի պատրաստակամությունը՝ հակամարտությունը լուծել քաղաքական ճանապարհով: Նրա խոսքով՝ ԵՄ աջակցության ներքո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է նկատելի ներդրում անեն դրանում:

«Մեզ շտապ կարգով անհրաժեշտ են հումանիտար հարցերի արագ, պրագմատիկ լուծումներ, այնպիսիք, ինչպիսին են բոլոր ռազմագերիների ազատ արձակումն ու ականազերծումը: Ահա այս պատճառով է, որ մեզ քաղաքական կամք է հարկավոր՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ երկխոսություն սկսելու համար: Մեր կարծիքով՝ այստեղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է առաջատար դեր կատարեն: 2020 թ. նոյեմբերին կրակի դադարեցումը միայն առաջին քայլն էր»,- ասել է նա:

Ավստրիայի ԱԳ նախարարն ընդգծել է տարածաշրջանում եվրոպական պարտավորությունների կարևորությունը:

«Նախորդ աշնանը տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ իբր սառեցված հակամարտությունները շատ արագ կարող են սրվել: Արևելյան գործընկերությունում մենք ունենք մի շարք լոկալ, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական «սխալներ»: ԵՄ-ն պետք է հավատարիմ մնա և ցույց տա իր ներկայությունն այստեղ: Մեր շահերից չի բխում գործունեության դաշտը թողնել այլ տարածաշրջանային խաղացողներին»,- ասել է նա»:

--00--ԱԹ