Մեր բանակը պիտի լինի ՀՀ անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Սյունիքի մարզպետարանում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, փոխմարզպետերը, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, Սյունիքի մարզի ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Արգամ Գևորգյանը, իրավապահ մարմինների մարզային վարչությունների ղեկավարները:

ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսվել է Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ ծրագիր:

«Այդ ծրագիրը մենք իրականացնում ենք Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք պետք է, այդ ծրագրի իրականացման և բարեփոխումների համատեքստում, հաշվի առնենք և հաշվի նստենք բոլոր հետևությունների հետ, որոնց առերեսվել ենք 44-օրյա պատերազմի ընթացքում:

Այո՛, մենք պետք է ունենանք ուժեղ բանակ: Մենք պետք է ունենանք այնպիսի բանակ, որը լինի արժանի դաշնակից և նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության հիմնական երաշխավորը: Այս ճանապարհին Հայաստանի Հանրապետությանը որևէ մեկը չի կարող կանգնեցնել, առավել ևս, որ մենք մեր ռազմաքաղաքական, դաշնակցային հարաբերությունների համատեքստում անվտանգային որոշակի պարտավորություններ ունենք՝ նաև տարածաշրջանային նշանակության:

Ուզում եմ ընդգծել, որ երբ խոսում ենք դաշնակցային պարտավորությունների մասին՝ ոչ միայն մեր նկատմամբ կան պարտավորություններ, այլև մենք նույնպես ունենք պարտավորություններ, և այս համատեքստում այդ պարտավորությունները պետք է լիարժեք ի վիճակի լինենք, կարողանանք կատարել, և Զինված ուժերի բարեփոխումները պիտի տեղավորվեն նաև այս տրամաբանության մեջ»,- նշել է նա:

--00--ԱԹ