Ավինյանն ու Չինաստանի դեսպանը քննարկել են Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցությունը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News

Ավինյան

Դեկտեմբերի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆան Յունին:

 

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Չինաստանը Հայաստանի ամենակարևոր գործընկերներից է և փոխվստահության ու փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է:



Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ֆան Յունը նշել է, որ ջանք չի խնայի հայ-չինական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար:



Փոխվարչապետ Ավինյանը խոսել է Արցախի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներից, ներկայացրել գերիների փոխանակման գործընթացը և հայկական կողմի դիրքորոշումը:



Զրուցակիցները քննարկել են Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության, մասնավորապես, հանրային տրանսպորտի ու առողջապահության ոլորտում ծրագրերը, ինչպես նաև նախանշել տեխնիկական աջակցության շրջանակներում համագործակցության հետագա հնարավորությունները:



Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերություններին՝ կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Չինաստանը Հայաստանի հիմնական առևտրական գործընկերներից է և համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր է առևտրաշրջանառության ծավալները էլ ավելի մեծացնել: Տիգրան Ավինյանը կարևորել է չինական ուղղակի ներդրումների ներգրավումը և փոխշահավետ ծրագրերի իրականացումը:



Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման շուրջ քննարկումները վերսկսելու հնարավորությունը, ինչի վերաբերյալ գործընթացը սկսվել էր դեռ անցած տարվա վերջին, սակայն ժամանակավորապես դադարել էր պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:



Քննարկվել է նաև հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության աշխատանքը և դրա գործունեության ընդլայնման հնարավորությունները:

 --00—ՄՀ