Անհրաժեշտ է մոռանալ «թավիշը». մանրամասներ «Իմ քայլի» հանդիպումից. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

իմ քայլը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեկ տեղի ունեցած փակ հանդիպումից:

Առաջին հերթին նրանք քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ քննարկվել են իմքայլականների նոյեմբերի 26-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի անելիքները: Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները որոշել են արտահերթ նիստում չեղարկել ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը, իսկ իշխանական խմբակցությունն էլ պետք է իր քվեարկությամբ որոշի՝ արդյոք այս պահին պետք է գնալ նման քայլի, թե ոչ:

Մեր տեղեկություններով՝ քննարկման ժամանակ եղել են տարբեր կարծիքներ, եւ դրա համար էլ խմբակցությունն այդ հարցում վերջնական որոշում չի կայացրել: Խմբակցության պատգամավորներին այցելել է նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, որը փորձել է իր կուսակիցներից պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն ՀՀ-ում առկա իրավիճակի մասին: Ընդհանուր տեսակետներ են հնչել, որից հետո Հարությունյանը հեռացել է նիստից:

Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանության մի հատվածի կարծիքով՝ այս պահին անհրաժեշտ է մոռանալ «թավիշը» եւ իրավապահ համակարգի օգնությամբ ստեղծել կայունություն ու կարգուկանոն հաստատել հանրության շրջանում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԱՀ