Մնացականյանը, Բայրամովն ու համանախագահները Ժնևում կհանդիպեն հոկտեմբերի 30-ին. Զախարովա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: 

Զախարովան նշեց, որ բարդ իրավիճակ է, զինված հակամարտությունը շարունակվում է, Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ ՌԴ նախագահը մշտական շփման մեջ է, Վլադիմիր Պուտինը նաև հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ֆրանսիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ:

«Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող ռազմական գործողություններով, Մերձավոր Արևելքից վարձկանների ներգրավվածության ընդլայնմամբ»,- ասաց նա՝ կրկին ընդգծելով, որ այս հակամարտության՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:

Զախարովան հիշեցրեց՝ հոկտեմբերի 26-ին վերահաստատել են հրադադարի համաձայնությունը, սակայն այն ևս հաջողությամբ չպսակվեց: ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչը հայտնեց, որ Ժնևում հոկտեմբերի 30-ին նախատեսված է հանդիպում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջև:

--00--ԱԹ