ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով նիստ է գումարել՝ օրակարգում 9 հարցով. «ԳԵՂԱՄԱ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ», «ՖՈՐՏՈՒՆԱ», «ՑԱՅԳ», «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ», «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ», «ՇԱՐԿ», «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի, «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի և ««ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» հարցի վերաբերյալ։ Այս մասին ասված է ՀՌՀ հաղորդագրությունում։
«Հանձնաժողովի անդամները քննարկելով «ԳԵՂԱՄԱ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ», «ՖՈՐՏՈՒՆԱ», «ՑԱՅԳ», «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ», «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ», «ՇԱՐԿ», «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերությունների ներկայացրած հեղինակազորման հայտերը և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 43-րդ հոդվածի դրույթներով, բավարարել են բոլոր հայտերի պահանջները և ընկերություններին հեղինակազորել՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ»:
Նշված է նաեւ, որ Հանձնաժողովի Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը ներկայացնելով «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումը նշել է, որ ընկերությունը դիմումին կից ներկայացրել է լիցենզիայի բնօրինակը (տրման ամսաթիվը՝ 05.11.2019թ., սփռման տարածքը՝ ՀՀ), հետևաբար դիմումն ենթակա է բավարարման:
«Իսկ ««ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» հարցը ներկայացնելիս նշել՝ արարքը, որի համար Ընկերության նկատմամբ բացվել է վարույթ, համապատասխանում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 18-րդ մասի հատկանիշներին, իսկ օգոստոսի 7-ին ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով վարույթի համար հիմք հանդիսացած արարքի վերաբերյալ կա այլ իրավական կարգավորում։ Հաշվի առնելով այս հանգամանքը ՀՌՀ-ն որոշել է ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել», նշված է ՀՌՀ հաղորդագրությունում:
--0--ԱՀ