Իշխանության սանձազերծած հակաեկեղեցական արշավը սպառնալիք է ՀՀ-ի կայունության համար
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Վեհափառը Մայր տաճարի բակում Հայրապետական մաղթանքով դիմել է հավատավոր ժողովրդին, իր շնորհավորական ուղերձն է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ․
«Սուրբ Էջմիածինը, հավատարիմ իր հոգեփրկչական և ազգի ու պետականության զորացման պատմական առաքելությանը, հետևողական շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները։
Անխաթար պահել մեր ժողովրդի միաբանությունը, համախմբել համայն հայությանը՝ արիությամբ դիմագրավելու ազգային և հայրենական կյանքի առջև ծառացած դժվարություններն ու մարտահրավերները։
Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, ուղիղ
հարված հայոց պետականությանը։ Բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն երբեք չի հաստատվի։
Տագնապալի է, փոխանակ խնդիրների առաջ միավորվենք, շարունակում են պառակտել հանրությանը:
Եղել է, որ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը, բայց ժողովուրդը միասին է եղել: Չկա Սուրբ Էջմիածին՝ առանց հայության և չկա հայություն՝ առանց Սուրբ Էջմիածնի:
Սամվել Կարապետյանի դեմ անօրինական հետապնդում իրականացվեց, քանի որ նա պաշտպանեց Եկեղեցուն:
Աղոթենք Բաքվում գերեվարված մեր զավակների, նաև Սամվել Կարապետյանի ազատության համար:
Բարդ ու վտանգաշատ ժամանակներ են, պիտի մխիթարություն գտնենք, լուսավոր ապագա կերտենք:
Պաշտպանե՛ք ձեր ինքնությունը, պատմությունը, հավատքը, սրբազան արժեքները, համերաշխ եղե՛ք»:
—00—ՍՊ