Նիկոլ Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Երկու ամիս առաջ գալիս ասում ես՝ եթե չահամաձայնվեք սահմանազատման, պատերազմ կլինի, ահաբեկես այն ժողովրդին, որի քվեն մուրացել ես ու գողացել ես և դարձել ես ահաբեկիչ։ Այս մասին այսօր Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում նշեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Այս մեր շարժումը մենք որակել ենք որպես չակընկալիքների պայքար, մենք երկու արժեք ունենք՝ Հայրենիք ու պատիվ։ Մեր երկրում սուտը պետք է վերանա, քաոսը, ատելությունը ընդհանրական մշակույթ է դարձել, սուտը մտցրել են ընտանիք։

Ինձ առաջին անգամ զոհված հերոսների ծնողները մոտեցան ինձ ու ասացին՝ մեր դեմքին առաջին անգամ ժպիտ եկավ, մենք պետք է մեր երազն ու հայրենիքը վերադարձնենք իրենց։ Պետք է վերադառնանք հաղթողի նկարագրին։ Մեզ անընդհատ ասում էին՝ այս ժողովուրդը տկար է, ստամոքսով է մտածում և ահավասիկ փաստում եք՝ ինչպիսին եք դուք։ 

Այս կառավարությունը՝ իր ղեկավարի գլխավորությամբ, ձախողել է երկրի կառավարումը, քանդել են ամբողջ անվտանգային համակարգը, Եկեղեցին առաջին օրվանից թիրախ են դարձրել, Հայոց Ցեղասպանությունը ժխտելը, Արարատ ու Արագած կեղծ խոսույթը բերել են մեր կյանք, նրանք քայքայել են կրթական համակարգը, դպրոցներում առատացրել են թմրանյութերի առկայությունը՝ զրկելով սերունդներին մտածելու հատկությունից։ Այսօր չկա մի սեղան, որտեղ Հայաստանն ասելիք ունի, ոչ հյուսի-հարավ, ոչ էլ Արևելք-Արևմուտք, բան չունեն ասելու։ Արցախը կորցրին, այն իրական Հայաստան էր, ավելի իրական, քան կարելի էր պատկերացնել։

Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունես հրաժարվելու, պատրաստ եմ ձեր հրաժարականի պայմանները քննարկել, դուք այլևս իշխանություն չունես։», - իր խոսքն ամփոփեց Բագրատ Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ