Ֆրանսիայի դեսպանատանը գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

1136250

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը մայիսի 2-ին մի խումբ գիտնականների հանձնվեց Եվրոպական հանձնաժողովի և «Եվրոպա Նոստրա» ասոցիացիայի խորհրդանշական մրցանակը, որը տրվել է «Հնագիտական հետազոտություններ՝ ուղղված Երերույքի պահպանությանը (Հայաստան/Ֆրանսիա)» ծրագրի համար:

Մրցանակը տեղադրվելու է Երերույքի տաճարի պատին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ընդգծեց, որ Շիրակի մարզի միջնադարյան և վաղ քրիստոնեական շրջանի Երերույքի համալիրը խորհրդանշական վայր է: «Այն նախկին մայրաքաղաք Անիին բավականին մոտ է, և ասում են, որ առեղծվածային վայր է, բայց այդ առեղծվածի գոնե մի մասը բացահայտվել է, որովհետև հուշարձանը բավականին լուրջ հետազոտությունների առարկա է դարձել, որն իրականացվել է 2009-2016 թվականներին Պատրիկ Տոնապետյանի ղեկավարությամբ»,-շեշտեց դեսպանը:

Նրա խոսքով՝ «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակն արժևորում է այն ամբողջ գիտական աշխատանքը, որը կատարվել է, և նրանց, ովքեր իրականացրել են ծրագիրը: «Մրցանակը նաև հարգանքի տուրք է հայկական ժառանգությանը այն պահին, երբ այդ ժառանգությունը սպառնալիքի տակ է ժամանակի և բնական տարերքների ազդեցության ներքո, մարդկանց բարբարոսությունների պատճառով: Այս պահին խոսքս այն մտահոգիչ լուրերի մասին է, որ մեզ են հասնում Լեռնային Ղարաբաղից: Սա նաև հրավեր է շարունակելու մեր ջանքերը վերականգնման միջոցով, որին աջակցում է ԱՄՆ դեսպանությունը և արժևորման ու ցուցանակների ծրագրերի միջոցով, որին աջակցում է Ֆրանսիայի դեսպանությունը: Այս տարի ծրագրին հատկացնում ենք 600 հազար եվրո»,-տեղեկացրեց դեսպանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ