Լիահույս ենք՝ բռնահանվածների ոտնահարված իրավունքների կենսագործությունը կդրվի իրական հիմքերի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

դ

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ-ն ներկայացրել է գարդմանցի Մինաս Պետորսյանի անդրադարձը՝ մայիսի 2-ի խորհրդին.

«Եթե իմ հայրենի Նյուզգեր (Նուգզար) գյուղում մարդկանց հարցնեին, թե տարվա օրերից որն է ձեզ համար առավել կարևոր և խորհրդավոր, նրանցից շատերը, անկասկած, առանց երկմտելու, կպատասխանեին՝ Մայիսի 2-ը: Անտարակույս, նույնը կասեին նաև այլ վայրերում բնակություն հաստատած իմ գրեթե բոլորհամագյուղացիները: Իհարկե, այդ օրը կարևոր նշանակություն ուներ նաև ողջ Գարդմանքում, Արցախում և Մայր Հայաստանի որոշ շրջաններում, սակայն յուրաքանչյուր նուգզարցու համար այն ուրույն խորհուրդ ուներ: Եթե վերոնշյալ մյուս վայրերում Մայիսի 2-ը պարզապես ննջեցյալների շիրիմերին այցի գնալու, նրանց հիշելու, այլ խոսքով՝ այսպես կոչված Մեռելոցի հատուկ օր էր, ապա Նուգզարում, դրա հետ մեկտեղ, այն ուներ նաև այլ իմաստներ:

Նախ` փորձենք պարզել, թե ինչո’ւ հատկապես Մայիսի 2-ը դարձավ Մեռելոցի օր: Ինչպես գիտենք, ըստ եկեղեցական օրացույցի, Մեռելոցի օրեր են սահմանված Տաղավար տոներին հաջորդող օրերը: Ինքնին հասկանալի է, որ մինչև եկեղեցու դեմ դաժան հալածանքների սկսելը, այդ կարգը գործում էր նաև Գարդմանաց աշխարհում: Սակայն կոմունիստական մենիշխանության տարիներին, ամենայն հավանականությամբ 1920-ական թթ․ վերջերին, երբ վանքերն ու եկեղեցիները քանդվում ավերվում կամ պահեստների էին վերածվում, խորհրդային վարչակարգը աստիճանաբար սկսեց արգելել նաև Տաղավար տոների և Մեռելոցների նշումը` դրանց փոխարեն առաջարկելով նոր` ժամանակի ոգուն համահունչ, այսպես կոչված «Կարմիր» տոներ և հիշատակի օրեր:

Քանի որ նոյեմբերյան տոներին՝ 7-ին և հատկապես՝ 29-ին, ցուրտ էր լինում, ուստի Մեռելոցներին փոխարինող միակ հարմար օրը Մայիսի 2-ն էր` Աշխատավորների միջազգային համերաշխության օրվանհաջորդող օրը, որը նույնպես ոչ աշխատանքային էր: Այն, ըստ էության, պետք է փոխարիներ բոլոր, հատկապես` Հարության տոնին հաջորդող Մեռելոցին: Թեև նոր իշխանությունը շատ ջանքեր գործադրեց, որպեսզի ազգային-եկեղեցական տոների խորհուրդը իսպառ վերանա, սակայն իմ համագյուղացիները չէին կարող և չէին ուզում հրաժարվել իրենց հոգու խորանում դարերի ընթացքում արմատացած ազգային-հոգևոր արժեքներից, այդ իսկ պատճառով ննջեցյալների հիշատակը հարգելու` իշխանության կողմից թույլատրված արարողության մեջ նրանք սկզբից ևեթ ներառեցին Հարության և այլ ազգային-եկեղեցական տոների տարրեր: Իսկ հետագայում, սկսած 1950-ական թթ․ վերջերից, Մայիսի 2-ը վերածվեց համագյուղական ուխտի և մեծ տոնի: Այդ օրը (ավելի ճիշտ` մեկ-երկու օր առաջ) հայրենի գյուղ էին գալիս ոչ միայն մոտակա Գեորգսֆելդ-Լենինքենդ (Լեմս) ավանից, Գանձակից, Շամխորից, այլև Մայր Հայաստանից ու ԽՍՀՄ այլ քաղաքներից: Մինչև կեսօր ողջ գյուղը հավաքվում էր հանգստարանում (մերոնք գերեզմանատունը այդպես էին անվանում: Ի դեպ, այն գյուղի հազվադեպ հարթ վայրերից էր, և մերոնց համոզմամբ` միակ տեղը, որտեղ մարդ կարող էր հանգստանալ` գերեզմանատունն է, ուստի այն պետք է լիներ հարթ, այսինքն՝ հանգիստ վայրում): Ննջեցյալների շիրիմերին մոմեր վառելուց (հետագա տարիներին` նաև խունկ ծխելուց) և այդ օրվա արարողությանը ներկա նվագածու խմբերից իրենց ննջեցյալների հիշատակին սգո երգեր պատվիրելուց հետո կանաչ գետնին երկար սուփրա էր բացվում, որի շուրջ, ըստ գերդաստանների, նստում էին բոլոր հարազատները: Մինչ տարեցները իրենց տոհմի ննջեցյալներին ողորմի էին տալիս, իսկ միմյանց առողջություն մաղթում, երեխաները ներկած ձվեր էին «կռվեցնում» կամ զբաղվում տարբեր մանկական խաղերով: Հանգստարանի պարսպից դուրս Զատկին բնորոշ ազգային-ժողովրդական խաղեր էին խաղում նաև գյուղի երիտասարդները, հատկապես՝ տղաները:

Կեսօրից հետո բոլորը հավաքվում էին իրենց հայրական օջախում՝ ճոխ ու առատ սեղանի շուրջը: Այլ խոսքով`Մեռելոցին հաջորդում էր տոնական-ուրախ սեղանը: Եվ դա բնական է. Այդ օրը հարազատներից շատերը միմյանցից առնում էին մեկ կամ մի քանի տարիների կարոտը: Ուրախ սեղանից հետո շատերը, օգտվելով պատեհ առիթից, իրենց կարոտն էին առնում նաև հայրենի չքնաղ բնաշխարհից` մոտակա անտառներից, հովիտներից, բացատներից, ձորերից և աղբյուրներից (գյուղի դիրքն այնպիսին էր, որ դրանք այնքան էլ հեռու չէին մարդկանց տներից ու թաղերից): Նոր զարթոնք ապրող զարմանահրաշ բնության գարնանաբույր գրկում զբոսանքը երբեմն երիտասարդների և պատանիների համար նոր ծանոթությունների, իսկ հետագայում` նաև անկեղծ սիրո և ամուսնության սկիզբ էր դառնում:

Չնայած ավելի քան երեք տասնամյակ է, ինչ իմ հայրենի բնօրրանը, իմ չնաշխարհիկ ծննդավայրը ժամանակավոր գերության մեջ է, սակայն մինչ օրս էլ բոլոր նուգզարեցիները կարոտով են հիշում իրենց երկրային դրախտավայր գյուղն ու Մայիսի 2-ը և Հայոց Եկեղեցու սահմանած Մեռելոցների հետ մեկտեղ իրենց ննջեցյալներին անպայման հիշում են նաև Մայիսի 2-ին:

Եվ քանի որ Մայիսի 2-ը նաև տոնի խորհուրդ ուներ, ուստի ներկայումս էլ իմ համագյուղացիներից ոմանք (հիմնականում` Պյատիգորսկում, Մոսկվայում, Երևանում, Նոր Հաճնում) երբեմն բազմում են տոնական սեղանի շուրջը և երազում այն բաղձալի օրը, երբ վերստին իրենցը կլինեն Ուտիք-Գարդմանն ու Նուգզարը»:

Արդեն ավելի քան երեք տասնամյակ է, ինչ Գարդմանի, ինչպես նաև Շիրվանի ու Նախիջևանի հայությունը բռնի տեղահանմամբ զրկվել իր բնական սոցիո-մշակութային միջավայրից, որի հետ կապված է եղել պատմական օրգանական հազարամյա կապով։ Արևելահայկական ավանդական սովորույթներից մեկը՝ ամեն տարվա մայիսի 2-ին նախնիների հիշատակի և այցելության օրը, մեկն է այն բազմաթիվ մշակութային իրողություններից, որից զրկված է արդեն ոչ միայն գարդմանահայությունը, այլև Լեռնային Ղարաբաղի հայությունը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը իր հարգանքի տուրք է մատուցում պատմական Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղում ամփոփված մեր նախնիների վառ հիշատակին։ Մենք լիահույս ենք, որ բռնի տեղահանվածների ոտնահարված բոլոր իրավունքները, այդ թվում մշակութային և ազգային հոգևոր-բարոյական բնականոն կենսագործունեության հնարավորությունները կդրվեն իրական հիմքերի վրա՝ միջազային իրավունքի նորմերի և հստակ ու ամուր երաշխավորության շրջանակներում։

--00—ՍՊ