Ունենք նպատակ կանգնեցնել պետության անկումը․ Պետրոսյանը դիմել է ԶԼՄ ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

dd

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, Տավուշում զիջումների դեմ պայքարի առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը դիմում է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին․

«Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու, տեղում կատարվողը օբյեկտիվ ու անաչառ ներկայացնելու գործում, ինչը կարող է ազգային արթնացումի պատճառ դառնալ և անգնահատելի դեր ունենալ պետականության փրկության համար:

Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը: Մեր գաղափարը վեր է ամեն տեսակ նեղ շահերից և մենք, ապավինում ենք նաև ձեր մասնագիտական արժանապատվությանն ու պատասխանատվությանը` հանրությանը հասանելի դարձնելու հայկական պետականությանը պատուհասած աղետի ամբողջական էությունը:

Մեր ներսից հայտարարված պատերազմում և հանուն արժանապտվության ու հանուն մեր ինքնության մղվող պայքարում, առավել քան երբևէ, առանցքային է ձեր դերը, որպես տեղեկատվական, մոբիլիզացիոն, համակարգող և վերլուծական գործառույթներ իրականացնողների:

Պատահական չէ, որ ԶԼՄ-ները անվանվում են չորրորդ իշխանություն և հետևաբար իրավունք վերապահում ազդելու իրադարձությունների վրա։ Ժամանակակից աշխարհում ձեր տեսախցիկն ու գրիչը, հաճախ ավելի ազդու են հազար այլ կառույցների աշխատանքից, ուստի օգտագործեք ձեզ տրված իշխանությունը հայկական պետականության համար:

ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ մամուլի ազատության միջազգային օրվա առիթով:

Ձեր առաքելությունը անգնահատելի է մեր պայքարի հաջողության գործում»:

--00—ՍՊ