Իրանի ժողովրդի ուսուցանիչ դասը

07/07/2025 23:32 Տարածաշրջան

Բազմահազարամեայ քաղաքակրթական ժառանգութիւն ու պետականութիւն ունեցող իրանական ժողովուրդը նաեւ ու մանաւանդ դարերի խորքից եկած՝ օժտւած է եղել քաղաքական մտքի ու մտածողութեան աւանդոյթներով։ Հէնց առօրէական հասարակա-կենցաղավարական կեանքում այդ երեւոյթը մշտապէս նկատելի է իրանական տարբեր խաւերի կենսագործունէութեան մէջ։ Ժամանակակիցներիս համար այդ ժողովրդական ու հաւաքական վարքագիծը, պատմական հերոսական դրւագներին զուգահեռ, ակնբախ էր հէնց բուն Իսլ. յեղափոխութեան ( 1979 թ.), դրան անմիջապէս յաջորդող սադդամեան Իրաքի պարտադրեալ 8-ամեայ պատերազմի ու արդէն շուրջ կէսդարեայ ներքին ու արտաքին բազմերանգ վերիվայրումների ընթացքում։

Մասնաւորապէս 1990-ական թւականներից ի վեր ներքին կեանքում գաղափարա-քաղաքական շարունակական բախումների հաշւին, սոցիալ-տնտեսական մեծ գին վճարեցին Իրանի ժամանակի թէ’ իշխանութիւններն, եւ թէ’ ինքը՝ ժողովուրդը։ Քաղաքական մրցակցութիւններն, որոնք արտայայտւում էին ձախ-աջ, արմատական թէ’ բարեկարգչական թեւերի ամենօրեայ բախումներով՝ օրէնսդիր,դատական ու գործադիր ատեաններում, անխուսափելիօրէն խոցելի էին դարձնում ներիշխանական համակարգը։ Նման իրավիճակների շարունակութիւնը անխուսափելիօրէն կըտանէր համակարգի ներքին փլուզմանը, յատկապէս երբ զուգահեռ դրանց օրաւուր սաստկանում էին արտաքին գաղութատիրական-մեծապետական նկրտումները, որոնք էլ իրենց հերթին արտայայտւում էին հաւաքական արեւմուտքի կողմից քաղաքական, քարոզչական ու ամենաահռելին՝ տնտեսական տարատեսակ սանկցիաներով…։

Ներքին ու արտաքին վերոգրեալ անբարենպաստ պայմանների առկայութեամբ ու սաստկացմամբ հանդերձ, Իրանի պետական համակարգը (հոգեւոր առաջնորդ-եռեակ իշխանութիւններ-ժողովուրդ) մնաց անդրդւելի եւ կանգուն, մինչդեռ նոյն ձախորդ պայմաններին, ինչպէս ականատես եղաւ համաշխարհային ընտանիքը, չդիմացան այսպէս ասած՝ «Արաբական գարնանը» ենթարկւած աֆրիկեան ու արեւմտեան Ասիայի մի շարք խոցելի երկրներ…,որոնցում կամ փլուզւեց պետական համակարգը( Լիբիա, Եմեն, Իրաք ու վերջերս էլ՝ Սիրիա), կամ պետական համակարգը պահելով հանդերձ՝ ենթարկւեցին հաւաքական Արեւմուտքի հեգեմոնիային(Ալժիրիա, Եգիպտոս, Լիբանան եւ…)։ Ահա, թէ ինչու են իրանցու համար գերկարեւոր քաղաքակրթական արժեհամակարգն ու պետականութեան պահպանման գիտակցութիւնը,որն ըստ ամենայնի ուսուցանիչ-օրինաչափ դասեր են՝ քիչ-շատ նմանօրինակ սպառնալիքների ենթարկւող հարեւան երկրների ու ժողովուրդների համար։

Իրանցին մինչեւիսկ ամենախիստը կընդդիմանայ այսպէս ասած՝ գործող իշխանութեանը, որն ապիկար տնտեսական ու սոցիալական ուղղութիւն է որդեգրում. կամ՝ նոյնիսկ հիջաբի հարցով ծայրայեղ որոշումներին դէմ-յանդինան՝ ամենակոշտ եղանակներով ընդվզում-ըմբոստանում է։ Իրանցու նման անհաշտ կեցւածքները եւս ակունք են առնում նոյն քաղաքակրթական ու պետականամէտական բնաւորութիւններից, որոնցում էլ ուղղորդողը հանդիսանում է Ազգային թէ’ հոգեւոր արժեհամակարգը։ Ահաւասիկ, այս արժեհամակարգերի շուրջ կէսդարեայ հակառակորդ-թշնամիները, ի դէմս հաւաքական Արեւմուտքի ու սիոնիստական ռեժիմի, ռազմաքաղաքական կոպիտ ու սխալ հաշւարկների արդիւնքում ( երեւի Իրանին Սիրիայի ու Լիբանան-Իրաքի հետ համեմատելով), որոշեցին ռազմական լուծում տալ Իրանի միջուկային չարչրկւած թղթածրար-ծրագրին։

Ծրագիր, որի ուրւագծման եւ գիտական մեծագոյն ձեռքբերման ճամբին, նիւթա-բարոյական ու մարդկային մեծագոյն գին էին վճարել իրանական ազնիւ ու պետականամէտ ժողովուրդը՝ անցնող երեք տասնամեակներում։ Եւ այսպէս՝ սիոնիստական ռեժիմի վայրագ յարձակման առաջնային թիրախները հանդիսացան ժողովրդանւէր նոյն գիտնականներն ու բանակային-զինւորական հրամկազմը, այն սին նպատակով, որ «ներքին կեանքում դժգոհ» ժողովուրդը արտաքին գրոհներին զուգահեռ կըմբոստանայ իսլ.համակարգի դէմ… …

Ու եւս մէկ անգամ փաստւեց, որ Իրանը ոչ Սիրիա է եւ ոչ էլ Իրաք ու Լիբանան։ Նաեւ աշխարհը ԱՄՆ- սիոնական 12- օրեայ հակա-Իրան վայրագ ոտնձգութեան արդիւնքում ականատես եղաւ նրան, որ իրանական ժողովուրդը յանուն իր պետական ու քաղաքակրթական արժէքների պահպանման, պատրաստ է նորանոր եւ ծանրակշիռ գների ու զոհողութիւնների՝ ինչպէս Հոգեւոր, այնպէս էլ Ազգային գաղափարախօսութիւններին կառչելով ու զարկ տալով…։

Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու

–00—ՍՊ