Թուրքիայի բնակչության կեսից ավելին պարտքի տակ է

27/05/2025 23:00 Տարածաշրջան

Թուրքիայում ամեն չորս մարդուց մեկն ի վիճակի չէ վճարել իր պարտքերը: 2025 թվականի առաջին 5 ամսում բռնագանձման գերատեսչություններ է ներկայացվել 4 միլիոն 24 հազար նոր գործ: Վերջին մեկ տարվա ընթացքում բռնագանձման ենթակա գործերի թիվը 1․5 միլիոնով է ավելացել:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Մերսին նահանգի պատգամավոր Գյուլջան Քըշի հայտարարությամբ՝ միայն այս տարվա սկզբից անհատական պարտքերի համար բռնագանձման ենթակա գործերի ընդհանուր գումարը 56 միլիարդ լիրայով ավելացել է: Նա նշել է, որ քաղաքացիների վերցրած վարկերը հիմնականում ոչ թե այլ ապրանքների, այլ օրվա հացի համար են։

Պատգամավորը քննադատել է իշխանություններին՝ հիշեցնելով նախագահական կառավարման համակարգին անցնելու ժամանակ տրված խոստումները.

«Ասում էին՝ հենց նախագահական համակարգ լինի, ամեն ինչ կկարգավորվի: Արդյունքում քաղաքացիներն են տուժել: Ավելացել է ոչ թե բարեկեցությունը, այլ ավելացել են պարտքերը, թանկացումները և հարկերը»:

Պարտքային ճգնաժամի խորացումը և բռնագանձման գործերի թվի աննախադեպ աճը ցույց է տալիս Թուրքիայում տնտեսական խոցելիության սոցիալական լուրջ հետևանքները։

Ermenihaber

–00—ՍՊ