Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը զորքերը ​​դուրս չի բերի Լիբանանի հարավից

19/06/2026 17:19 Միջազգային

Իսրայելը կպատասխանի Լիբանանում իր զինվորականների դեմ շիաների «Հեզբոլլահ» շարժման ջոկատների ցանկացած հարվածի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ընդգծելով, որ իսրայելական զորքերը մտադիր չեն հեռանալ Հարավային Լիբանանից։

Նեթանյահուն հայտնել է, որ առավոտյան խորհրդակցություն է անցկացրել երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և բանակի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի հետ՝ «Հեզբոլլահ»-ի հետ հարվածների փոխանակումից հետո իրավիճակը գնահատելու համար։

«Իմ հրահանգը շատ հստակ է. Իսրայելը չի ​​հանդուրժի հարձակումներ մեր զինվորների կամ մեր տարածքի վրա և  «Հեզբոլլահ»-ին կստիպի շատ բարձր գին վճարել այդ հարձակումների համար։ Իսրայելի պաշտպանության բանակը միջոցներ կձեռնարկի՝ կանխելու ցանկացած սպառնալիք մեր ուժերի և մեր տարածքի դեմ», – Նեթանյահուի խոսքերն է մեջբերում վարչապետի գրասենյակը։

«Իսրայելը կմնա Լիբանանի հարավի անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի (Իսրայելի) հյուսիսային բնակավայրերի պաշտպանության համար», – հավելել է վարչապետը:

Նա նշել է, որ «Հեզբոլլահ»-ի հարձակումից հետո գիշերը հրահանգել է հարվածներ հասցնել շարժմանը. իսրայելական ուժերը գրոհել են «ահաբեկչական 80 թիրախի վրա և ոչնչացրել տասնյակ ահաբեկիչների»։ ԻՊԲ-ն նաև Բեքաայի հովտում առավոտյան հարվածել է «Հեզբոլլահ»-ի հրամանատարական կետերի, հավելել է Նեթանյահուն։

Ըստ ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի՝ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

–00—ՅՄ