Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը UFC-ի տիտղոսային մենամարտ կանցկացվի

05/07/2025 16:50 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ UFC խառը մենամարտերի մրցաշարի եզրափակիչ մենամարտը կանցկացվի Սպիտակ տանը՝ հաջորդ տարի՝ Ամերիկայի անկախության 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Գրում է armsport.am-ը։

Դա կլինի տիտղոսային մենամարտ, որը կդիտի մոտ 20,000-ից 25,000 մարդ, ասել է Թրամփը հինգշաբթի՝ հուլիսի 3-ին, Այովայում կայացած հանրահավաքի ժամանակ։

UFC-ի նախագահ Դանա Ուայթը, որն ունի մտերիմ հարաբերություններ Թրամփի հետ, խոստացել է.

«Մենք ունենալու ենք մի քանի անհավանական միջոցառումներ՝ որոշները պրոֆեսիոնալ, որոշները՝ սիրողական»։

Տարվա սկզբից ի վեր Թրամփը ներկա է գտնվել UFC-ի մի քանի մենամարտերի, այդ թվում՝ անցյալ ամիս Նյու Ջերսիի նահանգի Նյուարկ քաղաքում կայացած UFC 316-ին, որտեղ նա և Ուայթը լուսանկարվել են մենամարտը դիտելիս։

Այովայում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ Թրամփը հարցրել է.

«Այստեղ կա՞ UFC-ն դիտող որևէ մեկը։ Մենք UFC մենամարտ ենք անցկացնելու։ Եվ մենք այս մենամարտը, պատկերացրեք, անցկացնելու ենք Սպիտակ տան տարածքում։ Այնտեղ բավականաչափ տեղ ունենք»,- ասել է ԱՄՆ նախագահը։

—00—ՄԱ